ՆՈՐ ԲՐԵՆԴ՝ ԲԱՆԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ

Թերացման և չկատարված աշխատանքների համար «Սանիտեկ»-ը ենթարկվել է շուրջ 13 միլիոն դրամ տույժի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետարանի մամլո քարտուղար Հակոբ Կարապետյանը, հաղորդում է ԱՌԿԱ-ն։

«Մինչ այս քաղաքապետարանը Սանիթեքի վիճակը ավելի չվատթարացնելու և մինչև համակարգային լուծման հասնելը քաղաքի աղբահանությունը բավարար մակարդակի վրա պահելու համար զերծ է մնացել տույժերի պրակտիկայից, սակայն աղբահանության օպերատորը, փաստացի, չի կարողանում ապահովել իր պարտականությունների կատարումը»,- գրել է Կարապետյանը։ Նրա խոսքերով, քաղաքապետարանը հետևողական է լինելու, և ցանկացած թերացում, չկատարված աշխատանք այսուհետ ևս, ըստ պայմանագրի, համապատասխան վերաբերմունքի է արժանանալու։

«Կրկին հայցում ենք երևանցիների ներողամտությունը՝ ներկայումս աղբահանության անբարարար վիճակի համար, և հայտնում ենք, որ ամենօրյա աշխատանք է տարվում՝ օր առաջ խնդրին արմատական լուծում տալու համար: Իսկ մինչ այդ Սանիթեքի չհավաքած աղբը հնարավորինս հավաքվում է մասնավոր միջոցների ներգրավմամբ»,-գրել է Կարապետյանը։

Բայց անհնար է լռել. քաղաքապետարանի ներկայացուցչի հայտարարությունից հետևում է, որ քաղաքային աշխատակազմը, կորցնելով համբերությունը, արդեն որպես իր առաջնահերթ խնդիր չի դիտարկում «Սանիտեկ»-ին չվնասելը և աղբահանությունը պատշաճ մակարդակով կատարելը։ Չէ՞ որ չնայած այդ նպատակներին, այնուամենայնիվ դիմեց օպերատորին տուգանելու պրակտիկային։ Միանգամից վերապահում անեմ։ Համբերության բաժակը, ինչպեսև աղբարկղերը սովորություն ունեն լցվելու։ Եվ քաղաքի հայրերին զուտ մարդկայնորեն կարելի է հասկանալ «Սանիտեկ»-ի դեմ պատժամիջոցներ կիրառելու առումով։ Այլ հարց է, թե որքանով մոտեցրեց բուն խնդրի լուծմանը քաղաքային ղեկավարության տուգանային քայլը։ Այստեղ, ասենք ուղղակի, չարժե պատրանքներ տածել։ Ակնհայտ է, որ ֆինանսական պատիժը չի կարող խթանել ընկերության էնտուզիազմը, որն, իդեպ, աղբահանության հետ կապված խնդիրների պատճառները բացատրող իր փաստարկներն է բերում. անլիարժեք տեխնիկա, աղբարկղերի անբավարար քանակ և այլն։ Պատճառներն ակնհայտորեն օբյեկտիվ են։

Այդուհանդերձ ակնհայտ է և այն, որ Երևանին ու երևանցիներին բացարձակապես չպետք է հուզեն և չեն հուզում ո՛չ քաղաքապետարանի համբերության բաժակը, ո՛չ էլ «Սանիտեկ»-ի փաստարկները։ Անցած տարվա սեպտեմբերին երևանցիները կոնկրետ մարդկանց վստահեցին բացի ամենայնից նաև այս խնդրի լուծումը, և այդ կոնկրետ մարդիկ պարտավոր են պայմանավորվել այլ կոնկրետ մարդկանց հետ, թե ինչպես քաղաքն ազատեն աղբից։ Մինչդեռ կես տարվա վեճերն ու բանակցությունները պսակվեցին միայն նրանով, որ կողմերից մեկը քաղաքը թաղեց աղբի մեջ, իսկ մյուսը դրա համար տուգանեց նրան։ Իսկ աղբըվրա-վրա ավելանում է։

'Санитек' ничего не делает

Այստեղ, իհարկե, կարելի էր քննադատել քաղաքապետարանին, ինչին լիովին արժանի է, այն բանի համար, որ հենց ինքն է պատասխանատվություն կրում քաղաքի ներկայիս ողբալի վիճակի համար։ Այսօրվա կեղտոտ Երևանի խորապատկերին կարելի էր վերհիշել «Իմ քայլը» դաշինքի նախընտրական խոստումները և Հայկ Մարությանի պարբերական «լայվերը» Նուբարաշենի աղբանոցից։ Ուշադրություն դարձնել այն բանին, որ մի քանի սրճարանների ապամոնտաժումը, ըստ էության, ավելի առաջնային, «բախտորոշ» հարց դարձավ, քան մայրաքաղաքում աղբի խնդրի լուծումը։ Եվ վերջապես, կարելի էր կրկին արձանագրել այն, որ մինչ Երևանը թաղվում էր աղբի մեջ, քաղաքապետը մայրաքաղաքի բարեկարգման գաղափարների մրցույթ էր հայտարարում՝ 1միլիոն դոլար մրցանակային ֆոնդով։ Սրանք բոլորը փաստեր են, որոնք վկայում են այն մասին, որ քաղաքային տնտեսության կառավարումը վստահված է, մեղմ ասած՝ ոչ նրանց, ովքեր կարողանում են դա անել։ Այն մասին, որ ապամոնտաժն ու էպատաժը միակ բանն են, ինչում հաջողության է հասել քաղաքային աշխատակազմը կես տարվա ընթացքում։ Բայցքաղաքապետարանին չենք քննադատի։ Ինչպես որ անիմաստ է «Սանիտեկ»-ին տույժերով ստիպել աշխատել, այնպես էլ անիմաստ է կոչ անել քաղաքային իշխանությանը, որ հանդես բերի բարեխիղճ, պատասխանատու և գրագետ աշխատանք։

Այս պատմության մեջ կա այնուամենայնիվ ևս մի տեսանկյուն, որն ուղղակի աչք է ծակում։ Պայմանականորեն անվանենք դա «բանանային»։ Իշխանության գալու պահից և առ այսօր Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը հեղափոխության գլխավոր ձեռքբերումներից մեկը հռչակեցին շաքարի և բանանի շուկայի ապամենաշնորհացումը։ Իհարկե, ավելի ուշ պարզվեց, որ ինքը՝ այդ շուկաների մենատերը հեղափոխության ոչ թե թշնամին է, այլ բարեկամը, ավելի ուշ պարզվեց, որ բանանի գնի էժանացումը կարճատև էր, ինչպես ամռան անձրևը։ Մի խոսքով, նոր Հայաստանի այնպիսի բրենդներ, ինչպիսիք էին «ապամենաշնորհացումը» և «բանանը», կորցրեցին իրենց գրավչությունը։ Բայց խոսքն այդ մասին չէ։

Այսօր Երևանը խեղդվում է աղբի մեջ, մեծ հաշվով՝ միայն մեկ պատճառով. աղբի շուկայում մենաշնորհ է տիրում։ Բանն այն չէ, թե ով է իրավացի բազմամսյա վեճում, քաղաքապետարանը, թե՞ «Սանիտեկ»-ը։ Հարցն ամփոփված է նրանում, որ եթե նույնիսկ օպերատորը երիցս անիրավացի է, այսօր դրա փոխարեն այլընտրանք չունենք։ Տուգանես, չտուգանեսԻհարկե, այդպես կարելի է ընկերությանը հասցնել սնանկացման, դրա ղեկավարներին պառկեցնել ասֆալտին կամ ծեփել պատին, «բացահայտել» գաղտնի կապ նախկին ռեժիմի հետ կամ մեղադրել սաբոտաժի, հարկերից խուսափելու, կոռուպցիայի մեջ։ Բայց դրանից Երևանը դժվար թե մաքուր դառնա։ Փոխարենը նա ակնհայտորեն կդառնար այդպիսին, եթե նոր իշխանությունը երևութական ապամենաշնորհացմանը գերադասեր արդյունավետը, բանանի շուկայի ապակենտրոնացման փոխարեն զբաղվեր աղբի շուկայում նոր խաղացողների ընդգրկմամբ։ Մի խոսքով, եթե կարողանար ու ցանկանար ճիշտ տեղաբաշխել գերակայությունները։ Ավա՜ղ, չի կարողանում ու չի ցանկանում։ Այնպես որ Երևանի աղբամաններն ու աղբարկղերը բերնեբերան լցրած աղտեղությունը թերևս երկար «ըմբոշխնենք»։ Եվ սա նոր իշխանության նոր բրենդն է, որ փոխարինելու է եկել բանանին։

 

Основная тема:
Теги: