Последние новости

Իջևանցիները ճանապարհ են փակել

Իջևանցիները փակել են Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը: Նրանք պահանջում են հանդիպում Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի հետ, որպեսզի հասկանան, թե ինչ է տեղի ունենում սահմաններին:

Ակցիայի մասնակիցներից մեկը նշեց. «Շատ չի տևելու, համապատասխան մարդիկ կգան կբացենք: Մենք ընդամենը ուզում ենք, որ մարզպետարանից մեզ հաստատեն, որ մեր հողերի, մեր սահմանի հետ կապված հող տալու խնդիր չկա: Այսօր մտահոգություն է առաջացել, որ տարածքներ կարող է հանձնեն թշնամուն: Երբ ասում են՝ Տավուշի մարզի տարածքից ոչ մի մետր չեն տալու թշնամուն, ուզում եմ հասկանամ, թե իրենց ասած Տավուշի մարզը որտեղից է սկսվում և որտեղ է ավարտվում: Մարզպետը ոչ մի անգամ չի ասել, որ օրինակ, Բարխուդարլուն մնալու է Տավուշի տարածքում, ինչպես եղել է միշտ: Սրանով փորձում ենք անհնազանդության ակցիաներ իրականացնել, որ ուշադրության կենտրոնում պահենք հարցը»:

Մի պահ կրքերը թեժացան, քաղաքացիները պահանջում էին բացել ճանապարհը: Մի կին բորբոքված ասաց. «Բացեք ճանապարհը, դերասանություն չանեք, թուրքից բեթար եք, բա գնայիք թուրքի դեմը փակեիք, ոչ թե ձեր կանանց փեշի տակ մտնեիք»:

Մի տղամարդ էլ կոչ էր անում ոչ թե գլխավոր ճանապարհը փակել, այլ որևէ այլ ճանապարհ:

Այստեղ եկավ Տավուշի մարզի ոստիկանապետի օպեր գծով տեղակալ Մելքոնյանը, ով ակցիա իրականացնողներին հորդորեց բացել ճանապարհը. «Դուք խախտում եք հասարակական կարգը, ձեզ հորդորում եմ ճանապարհը բացել: Մարզպետի հետ հանդիպելու համար բոլորովին կարիք չկա ճանապարհը փակել, գնացեք մարզպետարան, հանդիպեք մարզպետին»,-ասաց նա:

Ի վերջո, շուրջ 20-30 րոպե ճանապարհը փակ մնալուց հետո բացվեց, տեղեկացնում է News.am:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ