Последние новости

Կոմանդոսի քաղաքական կտակը

Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի հիմնած «Քաղաքացիական խորհուրդ»-ն այսօր հրապարակեց վերջինիս քաղաքական կտակը։

Խորհրդի անդամ, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը հիշեցրեց, որ 2020 թվականի նոյեմբերի 10-ին Արկադի Տեր-Թադևոսյանը հայտնել էր, որ երկրում ստեղծված այս ծանր վիճակից դուրս գալու համար անհրաժեշտ է ստեղծել քաղաքացիական խորհուրդ, որի կազմում կընդգրկվեն հայ մտավորականներ, հասարակական և քաղաքական գործիչներ, որոնց վստահում է հանրությունը։

Նա նկատեց, որ քաղաքացիական խորհուրդը կայացել է, և մնում է կյանքի կոչել Կոմանդոսի պատգամը՝ Հայաստանում և սփյուռքում գործող բոլոր մարտունակ և մրցունակ հայերի ջանքերով կառուցել կենսունակ, կայուն և ամուր պետություն։

Թաթուլ Մանասերյանը նշեց, որ Կոմանդոսի քաղաքական կտակը հենց նոյեմբերի 10-ին արված նրա հայտարարությունն էր։

«Այսօր հայ ժողովրդի ճակատագիրը կախված է մեզանից, ինչպես երբեք: Մենք պետք է կարողանանք պահպանել մեր պետության և նրա կառավարման համակարգի կայունությունը: Մենք իրավունք չունենք տրվել հույզերին և թույլ տալ քայլեր, որոնք էլ ավելի կբարդացնեն ներկա իրավիճակը:

Ես հնարավորություն եմ տեսնում միավորելու մեր հասարակության բոլոր առողջ ուժերին՝ հայ մտավորականությանը, հասարակական-քաղաքական գործիչներին՝ այս իրավիճակից դուրս գալու ճիշտ լուծումներ գտնելու համար:

Դուք բոլորդ լավ գիտեք, ես հասարակ սպա եմ, որը ազնվորեն վճարել է իր պարտքը հայրենիքին ճակատում և հիմա էլ շարունակում եմ: Ես չեմ հետապնդում քաղաքական կամ անձնական որևէ նպատակ: Ես նաև կոչ եմ անում բոլոր մյուսներին, ովքեր այսօր խաղում են ցանկացած նշանակալից սոցիալական դեր, վեր լինել նեղ քաղաքական, կորպորատիվ կամ այլ շահերից:

Կարծում եմ, որ այս իրավիճակից ելքեր գտնելու համար անհրաժեշտ է ստեղծել Քաղաքացիական խորհուրդ, որում ընդգրկված կլինեն մտավորականության ներկայացուցիչներ, հասարակական քաղաքական գործիչներ, որոնց վստահում է մեր հասարակությունը: Ես կարող եմ ստանձնել այս հասարակական մարմնի գործունեության համակարգումը»,- ասել էր Արկադի Տեր-Թադևոսյանը, տեղեկացնում է Panorama.am։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ