Последние новости

Մեղրիի համայնքապետի բիզնեսը կփակեն

Մեղրիի համայնքապետի ընտանիքին պատկանող պահեստի մաքսային արտոնությունները կվերացվեն։ Այսօր Ազգային ժողովում հայտարարեց «Իմ քայլը«» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ ներկայացնելով Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը։

Նա հիշեցրեց` 2017 թվականին Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը դիմել էր այն ժամանակվա վարչապետ Կարեն Կարապետյանին և խնդրել հարկային արտոնություն սահմանել իր համայնքում գործարար միջավայրը բարելավելու համար: Ըստ պատգամավորի` ընդունված օրենքն առաջին հայացքից դրական է, սակայն իրականում այն վերաբերում է մենաշնորհի խրախուսմանը: 

«Խոսքը վերաբերում է սրան` Մեղրիի անցակետից մինչև 1 կմ հեռավորության վրա գտնվող պահեստի առկայության դեպքում, եթե մեքենաները գալիս են Իրանի Իսլամական Հանրապետությունից, ազատվում են ճանապարհային հարկի վճարումից»,- ասաց Գաբրիելյանը:

Ճանապարհային հարկի վճարը իրանական սահմանից մինչև Երևան կազմում է 150-200 հազար դրամ:

Հարցն այն է, որ 2004 թվականից այդ շառավղով գործում է մեկ մաքսային պահեստ, որի սեփականատերը, պատգամավորի պնդմամբ, քաղաքապետի կինն է։ Ընդ որում` այնտեղ տեխնիկապես հնարավոր չէ այլ պահեստ կառուցել (տեղի պակասի պատճառով), և արտոնությունից օգտվում է միայն Զաքարյանի ընտանեկան բիզնեսը։

Ըստ Գաբրիելյանի՝ 2019-ին այդ պահեստում Իրանից մուտք գործած մեքենաների 70%-ը եղել է կրկին Զաքարյանին ընտանիքին պատկանող բիզնեսը, այսինքն` ոչ միայն նրա ընտանիքին պատկանող պահեստի արտոնություն է եղել, այլ նաև բիզնես է եղել՝ դիզվառելիքի ներմուծման։ Պատգամավորի խոսքով` մոտ 70%-ը այդտեղ է դատարկվել, ու ամեն մեքենա չի վճարել այդ 300 դոլար ճանապարհային հարկը, իսկ դիզվառելիքի, բենզինի մեջ, ըստ մյուս ներկրողների, դա սակագնի մեջ կազմում է 15-20 դրամ տարբերություն:

Նշենք, որ Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագծի հեղինակներն են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանը, Բաբկեն Թունյանը, Ալեն Սիմոնյանը և Կարեն Համբարձումյանը, տեղեկացնում է Sputnik Armenia։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ