Последние новости

ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ՉԿԱ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ, ԲԱՅՑ ԿԱՆ ՍՈՒՔԻԱՍՅԱՆՆ ՈՒ ԱՐՍԵՆՅԱՆԸ

Պայքարի մեջ մտավ դավաճանի խարանով

Ընտրություններից առաջ մենք համառորեն խորհուրդ էինք տալիս Արման Աբովյանին վստահ չհայտարարել, թե ԲՀԿ-ն խորհրդարանի պատերի ներսում համաձայնագիր չի ստորագրի կառավարող կոալիցիա կազմելու մասին։ Կուսակցությանը վերաբերող բոլոր որոշումները Գագիկ Ծառուկյանը կայացնում է միանձնյա, առանց կուսակիցների կարծիքը հաշվի առնելու։

Նա չէր խորհրդակցի Աբովյանի հետ՝ կոալիցիա կազմի արդյոք կապիտուլյանտի հետ, թե ոչ. չէ՞ որ կուսակցության հետ չէր խորհրդակցել նախքան արտահերթ ընտրությունների հարցով Նիկոլի հետ գործարքի գնալը: Դավաճանելով Հայրենիքի փրկության շարժմանը՝ Ծառուկյանը փոս փորեց ընդդիմության համար և հենց ինքն ընկավ այնտեղ

Կոալիցիա ստեղծելուն բանը չհասավ, մասամբ այն պատճառով, որ Ծառուկյանը նախընտրական պայքարի մեջ մտավ դավաճանի խարանը ճակատին, ուստի չկարողացավ համոզիչ կերպով ներկայանալ ընդդիմադիր գործչի դերում։ Ծառուկյանը Նիկոլի հետ գործարքի գնաց մարտի 18-ին, երբ համաձայնություն տվեց հունիսի 20-ին արտահերթ ընտրություններ անցկացնելուն։ Դրանից հետո նա փողոցից հետ կանչեց իր մարդկանց, որոնք հաճույքով մասնակցում էին Հայրենիքի փրկության շարժման ակցիաներին, իսկ Նաիրա Զոհրաբյանն այնքա՜ն համոզիչ էր ելույթ ունենում Բաղրամյան պողոտայի հանրահավաքների ամբիոնից ու մասնակցում երթերին Վահե Էնֆիաջյանի և Իվետա Տոնոյանի հետ միասին։

Ծառուկյանին կոմպրոմա՞տ են ներկայացրել

Մենք չէինք անդրադառնա անցյալին, եթե չլինեին ձգձգված շահարկումներն այն հարցի շուրջ, թե կհանդիպի՞ արդյոք Ծառուկյանը Փաշինյանի հետ արտախորհրդարանական այլ ուժերի օրինակով, կամ ի՞նչ է նշանակում Ծառուկյանի հանդիպումը նախագահ Արմեն Սարգսյանի հետ:

Նախագահի հետ հանդիպման մասին ասեմ միանգամից. քաղաքական բովանդակություն դա չուներ, ամեն ինչ սահմանափակվեց հերթապահ արտահայտություններով, ինչպիսին, ասենք, ԲՀԿ-ի քաղաքական փորձի վկայակոչումն էր։ Ի՞նչ քաղաքական փորձ կարող է ունենալ փողի կուսակցությունը։ Իսկ ինչ վերաբերում է Փաշինյանի հետ հանդիպմանը, ապա ճիշտ ժամանակն է հիշեցնել, որ հայաստանյան քաղաքականության բեմահարթակում ԲՀԿ-ի հետագա առկայության օրակարգը վաղուց արդեն համաձայնեցված է նույն այդ քաղաքականության կուլիսներում…

Գևորգ Պետրոսյանին և Նաիրա Զոհրաբյանին ԲՀԿ խմբակցությունից դուրս մղելու Ծառուկյանի քայլերը պետք է դիտարկել որպես կուլիսային պայմանավորվածությունների հետևանք։ Իհարկե, ընտրությունների պրակտիկայում հմտացած ԲՀԿ առաջնորդը չէր ազատվի առանցքային կերպարներից, եթե իսկապես հաղթանակի ձգտեր ընտրություններում։ Նա, ով ցանկանում է իր կուսակցությունն անցկացնել խորհրդարան, չի ազատվի այն թիմակիցներից, որոնք ձայներ են բերում։

Այս կապակցությամբ ուզում եմ հիշեցնել Ծառուկյանի և իր մերձավոր համախոհների դեմ հարուցված քրեական գործերի մասին և կրկնել այն թեզը, որ Հայրենիքի փրկության շարժմանը դավաճանելուց հետո Ծառուկյանն այլևս չէր կարող հավակնել ընդդիմադիր տրամադրված ընտրազանգվածի ձայներին, ինչի մասին բազմիցս զգուշացրել ենք մեր ընթերցողներին ոչ պաշտոնական և պաշտոնական քարոզարշավի ընթացքում։ Ոչ միայն ԲՀԿ նախընտրական ցուցակը, այլև նախընտրական քարոզչության բուն ընթացքը վկայում էին այն մասին, որ Ծառուկյանն այնքան էլ չէր ձգտում ներկայացված լինել 8-րդ գումարման խորհրդարանում։ Ընթերցողը կարող է հարց տալ. եթե ԲՀԿ-ն աջակցել է արտահերթ ընտրությունների գաղափարին, ապա ինչո՞ւ Փաշինյանը ոչինչ չարեց նոր խորհրդարանում նրա ներկայությունն ապահովելու համար։

Որպես պատասխան՝ հղում կանեմ Էդմոն Մարուքյանի համանման ակնկալիքներին, որը նույնպես աջակցում էր արտահերթ ընտրությունների գաղափարին, ուստի սպասում ու հույս էր փայփայում, թե «Լուսավոր Հայաստան»-ին կրկին կանցկացնեն խորհրդարան, ինչպես դա եղավ 2018 թվականի ընտրություններում: Այդ ընտրություններին, հիշեցնեմ, նախորդել էր հայտնի հուշագրի ստորագրումը Ծառուկյանի և Փաշինյանի միջև: Չնայած ստորագրված հուշագրին՝ Նիկոլը գրչի մեկ շարժումով դուրս նետեց կառավարությունից ԲՀԿ-ի ներկայացուցիչներին խորհրդարանի գրոհի ժամանակ, իսկ այն բանից հետո, երբ Ծառուկյանը հանդես եկավ կառավարության հրաժարականի պահանջով, Նիկոլը սկսեց հետապնդել ԲՀԿ առաջնորդին և շարքային անդամներին։ Բայց դա չի նշանակում, թե այն ժամանակ Ծառուկյանի և Փաշինյանի հարաբերությունները փչացան վերջնականապես։

44-օրյա պատերազմից և հողերի հանձնման մասին հայտարարության ստորագրումից հետո Ծառուկյանը որոշեց, որ Նիկոլի վերջը եկել է, այդ իսկ պատճառով հարձակվեց նրա վրա ողջ ուժով, սկսեց ներկայանալ ընդդիմության դերում, ընդգրկվեց Հայրենիքի փրկության շարժման կազմում, օժանդակելով փողոցային ակցիաների մասնակիցների թվի աճին և այլն։ Գագիկ Նիկոլայիչն իրեն անշրջահայաց պահեց։ Ավելի ուշ իր խնամի Խաչատուր Սուքիասյանի ազդեցության տակ նա «ուղղվեց» ու գործարքի գնաց Նիկոլի հետ արտահերթ ընտրությունների հարցով։ Նիկոլին անհրաժեշտ էր այդ գործարքը, արտահերթ ընտրությունները պետք էր անցկացնել ամռանը, ժամանակն աշխատում էր կապիտուլյանտի դեմ։ Եթե ընտրությունները կայանային նոյեմբերին, ապա ելքը այլ կլիներ…

Ինչևէ, իսկ արտահերթ ընտրությունների նախապատրաստման փուլում Փաշինյանը բացատրեց Սուքիասյանին, որ հաջորդ խորհրդարանում ԲՀԿ-ի ներկայությունը ցանկալի չէ։ Եվ ոչ միայն այն պատճառով, որ Ծառուկյանն ու իր կուսակցությունը համագործակցել են ընդդիմության հետ, այլ որ 8-րդ գումարման խորհրդարանում առանց այդ էլ լինելու են գործարարներ Գուրգեն Արսենյանն ու ինքը՝ Սուքիասյանը։ Փաշինյանը վախենում էր օլիգարխներին մեծ տեղ տալու մեղադրանքներից։ Ծառուկյանին առաջարկեցին պարտվել ընտրություններում, Փաշինյանը չէր ուզում պատգամավորական կորպուսի կազմում տեսնել երկու շատ հարուստ մարդու՝ նույն կլանից։ Վարկած կա նաև, որ Ծառուկյանն առանձնապես չպայքարեց հաղթանակի համար այն պատճառով, որ ընտրություններից առաջ նրան ինչ-որ կոմպրոմատ են ներկայացրել…

Փողի կուսակցության երկաթե կանոնը

Համաձայն մեկ այլ վարկածի որն արտահոսել է Գագիկ Նիկոլայիչի շրջապատից, ԲՀԿ առաջնորդից կլորիկ գումար են պահանջել խորհրդարան անցնելու համար։

Այդ դեպքում իշխանությունը (իմա՝ Նիկոլը) խոստացել է աչք փակել նախընտրական ընծաների վրա։ Ծառուկյանը հրաժարվել է, որից հետո ԲՀԿ-ի շտաբներից մեկի անդամները բռնվեցին ընտրողներին կաշառելու փորձ կատարելիս։ Նրանցից առգրավվեցին 7 հազար դրամի սննդամթերքով փաթեթներ։ Իսկ ընտրողներին ֆինանսական օգնություն բաժանելը դադարեց այն բանից հետո, երբ ԶԼՄ-ները տիեզերացունց աղմուկ բարձրացրեցին այն առնչությամբ, որ Ծառուկյանը տնտեսվարող սուբյեկտներին խոստացել է մթերել խաղողի ամբողջ բերքը։

Ծառուկյանը կարող էր և ոչինչ խոստանալ, քանի որ ամեն աշուն նրա ձեռնարկությունները խաղող են մթերում, և ֆերմերներին դա հայտնի է, բայց աղմուկը բարձրացավ իշխանությունների հրահանգով, և Ծառուկյանը հասկացավ, որ հայտնվել է խոշորացույցի տակ, հետևաբար, իր մարդկանց ցանկացած պահի կարող են բռնել փող բաժանելիս։ Ծառուկյանը գիտեր, որ պարտվելու է ընտրություններում, սակայն այսօր ձևացնում է, թե ԲՀԿ-ում ջերմեռանդորեն զ բաղված են «թռիչքների վերլուծությամբ»։ Ինչ-որ բանում նույնիսկ մեղադրում են նախկին պատգամավորներ Արթուր Դալլաքյանին ու Տիգրան Ներսիսյանին. մի խոսքով՝ պարտության մեղքը, ըստ ավանդույթի, կբարդեն սլաքավարների վրա, իսկ նրանց, ովքեր կարող էին հենց սկզբից գուշակել այդ պարզունակ զորաշարժերը, Ծառուկյանը նախապես վռնդեց կուսակցության ղեկավարությունից ու մեկուսացրեց նախընտրական գործընթացներից։

ԲՀԿ-ի պարտությունը անակնկալ դարձավ շատերի համար, քանի որ վստահ էին, որ Փաշինյանի կուսակցությունը բավարար ձայներ չի ունենա սահմանադրական մեծամասնություն կազմելու համար։ ԲՀԿ-ի համար կանխատեսում էին ձողիկ-օգնողիկի դերը, բայց ձողիկն այդ խաղում պետք չեկավ։ Եթե Նիկոլին գործընկեր պետք լիներ նոր կոալիցիայի համար, ապա ԲՀԿ-ն կդառնար խորհրդարանի երրորդ ուժը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից և «Հայաստան» դաշինքից հետո, բայց Նիկոլը նախընտրեց ներդրում կատարել միայն սեփական հաղթանակի համար։ Եթե նա ներդրում կատարեր ԲՀԿ-ի հաղթանակի գործում, ապա Ծառուկյանը պատրաստակամորեն դեմ կտար ուսը կապիտուլյանտին՝ կոալիցիա ստեղծելու համար, քանզի փողի կուսակցության երկաթե կանոնն է՝ միշտ լինել իշխանության կողքին։ ԲՀԿ-ն այսօր էլ իշխանության կողքին է, մնացած ամենը պատրանքներ են ու վեհ, բայց փուչ խոսակցություններ։

Թե հետագայում ինչպես կդասավորվի փողի կուսակցության ճակատագիրը, տողերիս հեղինակին, անկեղծ ասած, չի հետաքրքրում. այդ կուսակցությունը ստեղծվել է, որպեսզի բուֆեր ծառայի իշխանության և ընդդիմության միջև (այդ կարգավիճակով ԲՀԿ-ն իրեն սպառել է) և պաշտպանի Ծառուկյանի կապիտալների շահերը, լինի դա խորհրդարանի պատերի ներսում, թե դրա սահմաններից դուրս։ 8-րդ գումարման խորհրդարանում կա բիզնես վերնախավի առնվազն երկու ներկայացուցիչ, որոնք իրենց կապիտալների շահերը վեր են դասում այլ շահերից, երկուսն էլ՝ Արսենյանն ու Սուքիասյանը, Փաշինյանի կուսակցության ցուցակով խորհրդարան են անցել, իհարկե, ոչ սիրուն աչքերի համար։ Մի՞թե կարող է այլ կարծիք լինել։ Այդ մարդկանց համար ազգի և պետության շահերը ենթակա են ծառայելու անձնական շահի տենչին, այնպես որ Ծառուկյանին փոխարինել են ավելի վտանգավոր ու ավելի ընչաքաղց պարոնայք, իսկ Գագիկ Նիկոլայիչը մնացել է մայթին

Մի անգամ նա արդեն ստիպված է եղել հեռանալ գործող քաղաքականությունից՝ երրորդ նախագահի հետ բախումից հետո։ Մինչ նա քաղաքականությունից դուրս էր, Նաիրա Զոհրաբյանն առավելագույն ջանքեր գործադրեց կուսակցությունը պահպանելու համար, ահա և «երախտագիտություն հայտնեցին» նրան։ Ծառուկյանի կապիտալները Սուքիասյանի հուսալի պաշտպանության տակ են, ուստի ԲՀԿ-ն կարող է բավարարվել արտախորհրդարանական ուժի դերով։ Առայժմ։ Ընդդիմության գիրկը Գագիկ Նիկոլայիչը կնետվի միայն այն դեպքում, եթե Նիկոլը խախտի պայմանավորվածությունները և ավելացնի ծառուկյանական բիզնեսների եկամուտներից իր բաժինը։

Հունիսի 20-ից հետո Փաշինյան ընտանիքին հարկեր են վճարելու բոլոր խոշոր ձեռնարկատերերն ու սեփականատերերը, իսկ նրանց դեմ, ովքեր կհրաժարվեն, կկիրառվի ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի բռնագանձման մասին հոդվածը։ Նիկոլն անձամբ զգուշացրեց, որ փողի պարկերը սկսեն բանակցել իր հետ…

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • ППА И "ЛУСАВОР АЙАСТАН" СНОВА ДЕЙСТВУЮТ ПО ЗАКАЗУ ПАШИНЯНА?
      2024-10-31 09:30

      Сначала Ивета Тоноян опровергла намеки СМИ об отношении лидера ППА Гагика Царукяна к оппозиции, дав понять, что лидер сам выскажется по текущим вопросам, когда сочтет нужным. Позже Царукян выступил с объемным интервью в одной из популярных газет, резонанс от выступления был минимальным, а на сообщение о встречах Царукяна в Москве политические круги и СМИ вообще никак не отреагировали. Иными словами, потуги лидера ППА вернуть себе реноме действующего политика выглядят до смешного нелепо.

    • ПАШИНЯН РЕШИЛ ЗАМЕНИТЬ ПАРСЯНА АКОПЯНОМ? В СИСИАНЕ ГД УЖЕ ЗАХВАТИЛА ВЛАСТЬ
      2024-10-29 10:02

      Подготовка к досрочным или очередным парламентским выборам в Сюнике идет полным ходом. В предыдущих публикациях мы рассказали о возбуждении уголовного преследования против руководителей строительной фирмы, принадлежащей семье законно избранного мэра Капана Геворга Парсяна. Самое время поведать о слухах, которые в эти дни активно циркулируют по городу.

    • АГЕНТ ВНЕДРИЛСЯ И ПРИСТУПИЛ К ВЫПОЛНЕНИЮ "ОСОБОГО ПОРУЧЕНИЯ"
      2024-10-28 09:52

      Экс-посол Пашиняна по особым поручениям лидер партии "Лусавор Айастан" Эдмон Марукян не только основательно внедрился в лагерь оппозиции, но и приступил к выполнению "особого поручения": он терроризирует парламентскую оппозицию призывом отказаться от мандатов! При этом засланный казачок Пашиняна откровенно лжет.

    • ПОЛИТБЮРО
      2024-10-26 10:57

      Апелляционный суд по гражданским делам в октябре оставил в силе решение суда Первой инстанции, отклонившее иск спикера Алена Симоняна против журналиста Наири Охикяна. Спикер обиделся на журналиста за то, что тот назвал его "актером порнофильмов". Журналист и сегодня утверждает, что до того, как стать спикером, Симонян снялся в нескольких фильмах со сценами в духе "18+", эти фильмы есть в соцсетях. Журналист указал на факт, спикер обиделся и подал в суд. Охикян еще легко отделался: когда на днях Симонян обиделся на экс-депутата Рубена Акопяна, то натравил на него охрану парламента, которая грубо вытолкала Акопяна из здания под прицелом телекамер.

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • «ՈՂՋ ԱՇԽԱՐՀԻ ՀԱՅԵՐԸ ԴԱՐՁԵԼ ԵՆ ԽԵԼԱԳԱՐԻ ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՆԴԸ»
      2022-05-02 19:27

      Սերժ Սարգսյանի հրաժարականը վերջի՞նն էր Երևանը վերածվել է ոստիկանական մեծ բաժանմունքի. յուրաքանչյուր 100 մետրը մեկ անցորդները բախվում են ոստիկանների և քաղաքացիներին բաժանմունքներ տեղափոխելու համար նախատեսված միկրոավտոբուսների կուտակումների։ Այդ ավտոբուսներում մարդկանց ենթարկում են ծեծի ու նվաստացումների։ 2011թ.-ին Հայաստանի խորհրդարանն ընդունել է աշխարհի ամենաառաջադեմ (եվրոպացի փորձագետների գնահատմամբ) օրենքներից մեկը՝ հավաքների, հանրահավաքների և երթերի քաղաքացիների իրավունքի մասին: Օրենքում ամրագրված է նույնիսկ չարտոնված ակցիաներին ոստիկանության միջամտության արգելքը, եթե դրանք խաղաղ բնույթ են կրում։

    • ԿՅԱՆՔԻ ՏԵՐԵՐԸ, ԿԱՄ՝ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՄՈՆՈԼԻՏ. ՓԱՇԻՆՅԱՆԸ ՍԿՍԵԼ Է ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼ 2023-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
      2022-03-31 17:36

      Փաշինյանը ձևավորում է իր սեփական օլիգարխիան՝ մայրաքաղաքի ընտրությունների հեռանկարով Հայտնի է, որ խոշոր գործարարներ Սամվել Ալեքսանյանը, Խաչատուր Սուքիասյանը և Գագիկ Ծառուկյանը վերահսկում են Երևանի վարչական խոշոր միավորները։

    • ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՕԺԱՆԴԱԿՈՒՄ Է ԲՌՆԱԶԱՎԹՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԳԱՂԹԻՆ
      2022-03-16 18:14

      Ինչո՞ւ Տավուշի մարզպետը չի արձագանքում տեղի բնակիչների բողոքներին Եթե նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը չահազանգեր, մայրաքաղաքի հասարակայնությունը դժվար թե իմանար, որ Սյունիքում կառուցվող նոր հիմնական ճանապարհի հատվածները, որը կոչված է դառնալու Կապան–Ճակատեն ճանապարհի այլընտրանքը, նույնպես լինելու են ադրբեջանցիների վերահսկողության տակ:

    • ՓԱՇԻՆՅԱՆՆ ՈՒԶՈՒՄ Է «ՓԱԿԵԼ» ԵՐԿՈՒՍԻՆ
      2022-02-22 21:00

      Պախարակում՝ առանց փաստարկների և ապացույցների Անդրանիկ Քոչարյանը, ոչ դես, ոչ դեն, հայտարարեց, որ քննիչ հանձնաժողովը 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրությունը սկսելու է բանակցային ժառանգությունից, որպեսզի բացահայտի այն պատճառները, որոնք հնարավոր են դարձրել թուրք-ադրբեջանական ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ: Նրա խոսքերով, հանձնաժողովի աշխատանքը բոյկոտելու որոշումը ընդդիմադիր պատգամավորներին թելադրված է «երկու հոգու» կողմից։ 4 տարի անց վարչախումբն առաջվա պես շարժվում է Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին համակարգված կերպով վարկաբեկելու ուղեգծով։