Последние новости

Արտոնություններ զինծառայողներին. ՄԻՊ–ը նախագծերի փաթեթ է ուղարկել ԱԺ և ՊՆ

Զինծառայողներին և նրանց ընտանիքներին արտոնություններ տրամադրելու վերաբերյալ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում մշակված նախագծերի փաթեթն ուղարկվել է Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով, այդ թվում՝ ոլորտային հանձնաժողովներ և խմբակցություններ, ինչպես նաև Պաշտպանության նախարարություն: Տեղեկությունը հայտնում են ՄԻՊ գրասենյակից, տեղեկացնում է Sputnik Արմենիա։

Նշվում է, որ փաթեթին կցված են նաև նախագծերի ընդունման հիմնավորումները:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի առաջարկած արտոնություններից են, օրինակ՝

• աշխատանքի պահպանման նախապատվության իրավունքը.

• չվճարվող արձակուրդի տրամադրման պարտադիր կարգը.

• ամենամյա արձակուրդի ժամանակի ընտրության արտոնությունը.

• զբաղվածության պետական ծրագրերում ընդգրկվելու առաջնահերթության իրավունքը և այլն։

«Զինված ուժերի և այլ զորքերի զինծառայողների, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամների համար Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մշակած արտոնությունների ընդունումը կունենա սոցիալական կարևոր նշանակություն և կնպաստի զինվորական ծառայության հեղինակության աճին։ Առաջարկվող արտոնությունները նաև կբարձրացնեն ծառայություն անցնող կամ անցած զինծառայողների կարգավիճակը»,–նշված է հաղորդագրության մեջ:

Ներկայացվող առաջարկությունների իրական շահառուներ կարող են լինել տարբեր կատեգորիայի զինծառայողներ կամ նրանց ընտանիքների անդամներ։

Ընդգծվում է, որ նախագծերի փաթեթն առավել կարևոր է դառնում հատկապես հետպատերազմական շրջանում, երբ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների երաշխավորումը, ամրապնդումն ու պաշտպանությունն առաջնահերթ հրամայականն է:

Նշենք, որ նախագծերի հիման վրա 2021 թվականին հրապարակվել է նաև արտահերթ զեկույց՝ հաշվի առնելով համապատասխան միջազգային փորձը։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ