Последние новости

Թաթոյան․ Ադրբեջանի գործողություններն Արցախի նկատմամբ ոչ այլ ինչ են, քան էթնիկ զտումներ

Ադրբեջանի գործողություններն Արցախի նկատմամբ ոչ այլ ինչ են, քան էթնիկ զտումներ։ Այս մասին փետրվարի 23-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, հայտարարել է Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում իր առաքելությունն ավարտող Արման Թաթոյանը։

«Դա ոչ այլ ինչ է, քան էթնիկ զտումներ և տեղավորվում է Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության մեջ։ Վարձկաններ, արգելված զենք, քիմիական զենք, սպիտակ ֆոսֆոր, կասետային ռումբեր, բնակավայրերի թիրախավորում։ Արմատներն այդ երկրի իշխանությունների վարած ատելության քաղաքականության մեջ են։ Սա ոչ թե հռետորաբանություն է, այլ քաղաքականություն բոլոր ոլորտներում, և Ադրբեջանի ներքին քաղաքական կյանքի աղբյուր։ Խախտումները հիմա էլ շարունակվում են սահմանամերձ համայնքների բնակիչների նկատմամբ», - ընդգծեց Թաթոյանը։

Մարդու իրավունքների պաշտպանը դիմեց քաղաքացիներին՝ հայտարարելով, որ խաղաղության թեզը կեղծ է։

«Պահանջեք պաշտոնյաներից, թող երաշխիքներ ներկայացնեն։ Հակառակ դեպքում նրանք խոսում են քաղաքական շահերից կամ չեն գիտակցում, թե ինչի մասին են խոսում։ Չի կարելի թույլ տալ, որ ադրբեջանական իշխանությունները մեր հասարակությանը խաղաղության կեղծ խոստումներով քնեցնեն։ Պատերազմ ոչ ոք չի ուզում, բայց մենք չպետք է թույլ տանք, որ մեզ թյուրիմածության մեջ գցեն։ Հակամարտությունը ավարտված չէ։ Մենք պետք է ունենանք մեր իրավունքների երաշխիքները», - կոչ արեց Թաթոյանը։

Նա կրկին ընդգծեց, որ ադրբեջանական զորքերը պետք է լքեն հայկական բնակավայրերին սահմանակից տարածքները։ «Իսկ մենք ի՞նչ ենք անում։ Առանձին պաշտոնյաներ լեգիտիմացնում են նրանց ներկայությունը, հետո ասում են՝ չի կարելի հետ տանել», - նշեց Թաթոյանը, տեղեկացնում է News.am։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ