Последние новости

ՔԿ․ Հավաքներին մասնակցելու համար փողով շահագրգռելու կասկածանքով 2 տղամարդու են ձերբակալել

Քննչական կոմիտեն հայտնում է, որ երկու քաղաքացի է ձերբակալվել ընդդիմության հավաքներին մասնակցելու համար նյութապես շահագրգռելու հատկանիշներով։

Մայիսի 5-ին համացանցում տարածվել է մի ձայնագրություն, որում երկու անձինք հեռախոսազրույցում քննարկում են կազմակերպված հավաքներին մասնակցելու համար կազմակերպիչներից գումար ստանալու հարցը: Տղամարդկանցից մեկը մյուսին հարցնում է, թե երեկ ինչքան փող են տվել։ Մյուսը պատասխանում է` Բաղրամյանն էլ հետը` 200։

«Պարզվել է նշված անձանց ինքնությունը, որոնք Արմավիրի մարզի՝ 1966 և 1967թթ. ծնված բնակիչներ են: Տվյալներ են ստացվել, որ քաղաքական ընդդիմության նախաձեռնությունների կազմակերպիչները, Երևանում իրականացվող հավաքներին մասնակցելու նպատակով Արմավիրի հիշյալ բնակիչներից մեկին նյութապես շահագրգռել են, վերջինս էլ իր հերթին նյութապես շահագրգռել է այլ անձանց»,- ասվում է հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Sputnik Արմենիա։

Ձեռնարկվում են քննչական գործողություններ: Հարուցվել է քրեական գործ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (հավաքին մասնակցելուն հարկադրելը կամ հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը):

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ