Последние новости

Արտակ Բեգլարյանը պատասխանել է Ալիևի խնդրահարույց հայտարարություններին

Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այսօր արված մի շարք խնդրահարույց հայտարարություններին և Տելեգրամի իր ալիքում կեռ առ կետ պատասխանել դրանց։ Ներկայացնում ենք նրա պատասխանը։

1. Հայաստանի Հանրապետության հետ սահմանագծման և սահմանազատման գործընթացն ու արդյունքները չեն կարող ազդել Արցախի (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն) ներկա և ապագա կարգավիճակի վրա։ Ի վերջո, Ղարաբաղյան հակամարտությունը ոչ թե Հայաստանի Հանրապետության, այլ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ է։

2. Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը չի կարգավորվել, և սա փաստ է, որն ընդունում է ողջ աշխարհը՝ անկախ շահերի և ձևակերպումների որոշակի տարբերություններից։

3. Իսկ եթե Ադրբեջանը ցանկանում է փակել հակամարտության էջը և հստակեցնել Արցախի կարգավիճակը, ապա կարող է սահմանագծման և սահմանազատման գործընթաց իրականացնել նաև Արցախի Հանրապետության հետ՝ միաժամանակ վերադարձնելով օկուպացված տարածքները և ճանաչելով Արցախի անկախությունը։

3. Հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքը ժողովուրդների ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացումն է։ Բայց միայն այս փորձությունը հաղթահարելով միջազգային հանրությունը կապացուցի, որ ի տարբերություն Ալիևի հայտարարությունների, այնուամենայնիվ, գոյություն ունի միջազգային իրավունք, որտեղ իր հիմնարար տեղն ունի ժողովուրդների ինքնորոշման իրավունքը։

4. Միջազգային իրավունքի մեկ այլ կարևոր սկզբունք է ուժի չկիրառումը/ուժի կիրառման սպառնալիքը, որը նույնպես կոպտորեն խախտվել և անտեսվել է Ադրբեջանի կողմից։

Ավելին, Ալիևն այսօր կրկին սպառնացել է ուժի կիրառման նոր նախադեպերով, ինչը միջազգային հանրության համար կանխարգելիչ և պատժամիջոցային միջոցներ ձեռնարկելու հստակ ազդանշան է։

Ընդունված վարքագծից շեղման խրախուսումն աստիճանաբար հանգեցնում է միջազգային աղետների՝ դառնալով միջազգային պրակտիկա և իրավական սովորույթի օրինակ։

Հիշեցնենք` այսօր Ադրբեջանի նախագահը Կովսական (Զանգելան) կատարած իր այցի ժամանակ հայտարարել էր, որ Ադրբեջանը լուծել է Ղարաբաղյան հակամարտությունը, Հայաստանը պետք է հաշտվի այդ մտքի հետ։

«Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորված է։ Մենք լուծել ենք այդ հարցը։ Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղ անվանումը կրող վարչական միավորին, ապա Ադրբեջանի տարածքում նման միավոր գոյություն չունի»,–ասել էր նա։

Ալիևը շեշտել էր, որ «Լեռնային Ղարաբաղ» բառակապակցություն միջազգային կազմակերպությունների լեքսիկոնում չկա, և Բրյուսելում վերջերս կայացած հանդիպումը հերթական անգամ ապացուցեց դա։

«Այո, Հայաստանը կրկին բարձրացրեց այդ հարցը և, ինչպես ասում են, գլուխը խփում է պատերին, բայց այդպիսին է իրականությունը, և այդ իրականության հետ պետք է հաշտվել»,- ասել էր Ալիևը։

Նա նաև հավելել էր, որ Բաքուն կշարունակի հզորանալ, այդ թվում՝ ռազմական ոլորտում, քանի որ միջազգային իրավունքի համակարգն այսօր չի գործում, և հիմնական գործոնը ուժն է, իսկ անհրաժեշտության դեպքում` պետք է թշնամուն «ուժով վռնդեն իրենց տարածքներից»։

Sputnik Արմենիա

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ