Последние новости

Միրզոյանը Հունաստանում խոսել է ԼՂ խնդրի մասին

Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հետ հանդիպման ավարտին Արարատ Միրզոյանը հույն գործընկերոջ հետ լրագրողներին է ներկայացրել հանդիպման մանրամասները։

«Հավատացած ենք, որ Հայաստանի և Հունաստանի միջև առկա է տնտեսական համագործակցության ամրապնդման հսկայական ներուժ: Կարծում եմ, որ ընդարձակ երկկողմ իրավապայմանագրային հենքը և հայ-հունական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքները կնպաստեն այդ ներուժի լիարժեք օգտագործմանը»,– ասել է Միրզոյանը։

ԱԳ նախարարը կարևորել է նաև «Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային և տարանցիկ միջանցք ստեղծելու մասին» բազմակողմ համաձայնագրի ստորագրումը` կարծիք հայտնելով, որ շահագրգիռ կողմերի հետ միասին հնարավոր կլինի ինտենսիվ աշխատանքներ տանել և հաջողության հասնել այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերում։

Երկու երկրների նախարարները մտքեր են փոխանակել նաև ՀՀ-ԵՄ գործընկերությանն ու Արևելյան գործընկերությանը վերաբերող հարցերի շուրջ` ընդգծելով, որ Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման ճանապարհային քարտեզը մեծ հնարավորություններ է ընձեռում նաև երկկողմ համագործակցության խորացման համար։

Միրզոյանը հայտարարել է, որ հայ-հունական հարաբերությունները զարգանում են ոչ միայն երկկողմ, այլև բազմակողմ հարթակներում: Դրանցից առաջինը Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափի շրջանակներում համագործակցությունն է։

Նախարար Դենդիասն էլ նշել է, որ այդ ձևաչափի առումով ևս կան շատ կարևոր ու կոնկրետ պայմանավորվածություններ:

ԱԳ նախարարների հանդիպմանը չի շրջանցվել նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգության և կայունության թեման։ Միրզոյանը հույն պաշտոնակցին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը և Հայաստանի դիրքորոշումը՝ տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված գործընթացների, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունների վերաբերյալ։

«Ընդգծել եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության առանցքային դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ գործընթացի առաջմղման գործում: Հայաստանը բարձր է գնահատում Հունաստանի դիրքորոշումը՝ հաջակցություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում և նրա մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը»,- ասել է Միրզոյանը:

Նա շնորհակալություն է հայտնել Նիկոս Դենդիասին` 44-օրյա պատերազմի օրերին Երևան այցելելու, այդ օրհասական և կարևոր ժամանակահատվածում Հունաստանի և հույն ժողովրդի զորակցությունըհայտնելու համար։

«Ռազմավարական գործընկերոջը հարիր այդ ժեստը մենք իսկապես երբեք չենք մոռանա»,- ասել է Միրզոյանը:

ՀՀ ԱԳ նախարարը հայտարարել է, որ հրադադարից ավելի քան մեկուկես տարի անց էլ Ադրբեջանը շարունակում է Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սադրիչ գործողությունները, իսկ ռազմատենչ, առավելապաշտական հռետորաբանությունը ադրբեջանական ղեկավարության ամենօրյա խոսույթի անբաժանելի մասն է դարձել։

Միրզոյանն արձանագրել է, որ խախտելով միջազգային հումանիտար իրավունքը և 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, Ադրբեջանը շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց, իսկ հարյուրավոր անհայտ կորածների, այդ թվում տասնյակ բռնի անհետացածների ճակատագրերը մնում են չբացահայտված:

«Աշխարհի բոլոր քաղաքակիրթ երկրները, կրկնում եմ` բոլոր քաղաքակիրթ երկրները, բոլոր հնարավոր առիթները օգտագործելով՝ պետք է նպաստեն, կոչ անեն ու պնդեն, որ Ադրբեջանը վերադարձնի մեր բոլոր գերիներին»,- ասել է նա:

ՀՀ ԱԳ նախարարը խոսել է նաև հայ ժողովրդի հազարամյա պատմության հուշարձանների, կոթողների, համամարդկության մշակութային ժառանգության ոչնչացման վտանգի մասին։

«Մենք ակնկալում ենք միջազգային հանրության հստակ, հասցեական ու շարունակական արձագանքն այս վարքագծի վերաբերյալ, ընդգծում ենք Լեռնային Ղարաբաղում համապատասխան միջազգային կազմակերպությունների ներգրավվածության հրատապությունը, հատկապես ՅՈւՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելության իրականացումը, որը կարևոր քայլ կլինի այս ժառանգության փրկության համար»,– ասել է Միրզոյանը։

ԱԳ նախարարը վերահաստատել է Հայաստանի դիրքորոշումը խաղաղ, անվտանգ ու կայուն Հարավային Կովկասկառուցելու վերաբերյալ և հույս հայտնել, որ Ադրբեջանը կդադարեցնի իր առավելապաշտական նկրտումները և ավելի կառուցողական դիրքորոշում կցուցաբերի բոլոր հարցերում:

Sputnik Արմենիա

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ