Последние новости

Իրանի հյուպատոսությունը Կապանում կարող է բացվել այս տարի

Չի բացառվում, որ Իրանի Իսլամական Հանրապետության հյուպատոսության բացումը Սյունիքի մարզկենտրոն Կապանում տեղի ունենա այս տարի: Այս մասին «Հետքը» տեղեկացել է Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանից:

Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլին ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին հանդիպել էր Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին և Կապանի ղեկավար Գևորգ Փարսյանին: Հանդիպման հիմնական թեման եղել է Իրանի հյուպատոսության բացումը: Մարզպետարանի տարածած հաղորդագրության համաձայն՝ իրանական կողմը դեռ նախորդ տարի էր Կապանում հյուպատոսություն բացելու համաձայնություն ձեռք բերել, և Իրանի դեսպանը հանդիպմանը նշել էր, որ Սյունիքում դիվանագիտական ներկայացուցչություն բացելու նպատակը բոլոր ոլորտներում հարաբերությունները զարգացնելն է։

Հայկական կողմի հետ հանդիպմանը դեսպան Բադախշան Զոհուրին ներկայացրել էր նաև հանդիպմանը ներկա հյուպատոսին՝ հավելելով, որ առաջիկայում հյուպատոսության կազմը կներկայացվի ՀՀ ԱԳՆ-ին։ Կապան կատարված այցի վերջում իրանցի հյուրերը տարածքներ էին դիտարկել ապագա հյուպատոսարանի համար:

«Մենք մի քանի տեղ առաջարկել ենք դեսպանին ու հյուպատոսին, հիմա, կարծես թե, այդ հարցերը հստակեցման փուլում են: Իրենց կողմից տեսանք Կապանում հյուպատոսություն ունենալու գործնական պատրաստակամություն, հստակություն»,- «Հետքի» հետ զրույցում ասում է մարզկենտրոնի ղեկավարը: Իսկ հարցին, թե երբ է նախատեսվում դրա բացումը, Գևորգ Փարսյանը պատասխանում է. «Գնահատելով իրենց տրամադրվածությունը՝ այս տարվա մասին է խոսքը»։

Նկատենք, որ Հայաստանն ու Իրանը միմյանց տարածքում ներկայացված են միայն դեսպանություններով՝ համապատասխանաբար Թեհրանում և Երևանում:

Verelq.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ