Последние новости

Թագուհի Թովմասյան․ Ղարաբաղն ապագա չունի Ադրբեջանի կազմում

Ղարաբաղն ապագա չունի Ադրբեջանի կազմում։ Այս մասին Ազգային ժողովում, հոկտեմբերի 10-ի ավանդական ճեպազրույցում ասել է մարդու իրավունքների և հանրային հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ, ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

Նրա կարծիքով՝ պատկերացումներն այն մասին, թե Ղարաբաղը կարող է հայտնվել Ադրբեջանի կազմում, նշանակում է փաստացի պատրաստ լինել սեփական հայրենակիցներին ցեղասպանության մատնելուն։ Պատգամավորը համոզված է. Ղարաբաղի ոչ մի բնակիչ չի կարող անվտանգ ապրել Ադրբեջանի կազմում։

Ընդդիմադիր գործիչը դրական է գնահատել Ղարաբաղի քաղաքացիների բողոքները, որոնք սկսվել են վերջին երկու օրը։ Նրա կարծիքով՝ Հայաստանը պարտավոր է կանգնել Ղարաբաղի և նրա բնակիչների պաշտպանության դիրքերում։ «Ես հասկանում եմ, որ Նիկոլ Փաշինյանը Ղարաբաղն ընկալում է որպես Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի հայրենիք և բոլորին միանման ատում է, բայց մենք չենք կարող թույլ տալ, որ այս վերաբերմունքը շարունակի գերիշխել։ Մենք պարզապես դրա իրավունքը չունենք»,- ասել է Թովմասյանը։

Խորհրդարանականը նաև անդրադարձել է սահմանի իրավիճակին։ Այն, պատգամավորի խոսքով, շարունակում է մնալ տագնապալի։ «Սահմանների ուժեղացման մասով Հայաստանը որոշ խնդիրներ ունի։ Այդ ամենը պետք է լուծել որքան հնարավոր է արագ։ Մենք չենք կարող հավերժ բոլորին բողոքել և չհասկանալ, որ կառավարությունն անհրաժեշտ քայլեր չի ձեռնարկում առկա մարտահրավերները լուծելու համար։ Հայաստանը պետք է պատշաճ կահավորված առաջնագիծ ունենա»,- ընդգծել է Թագուհի Թովմասյանը։

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ