Последние новости

Մահացել է դիրիժոր Զավեն Վարդանյանը

78 տարեկան հասակում մահացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, դիրիժոր, «Մենակատարներ» անսամբլի հիմնադիր Զավեն Վարդանյանը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում մարտի 11-ին՝ ժամը 17:30-20:00-ին: Վերջին հրաժեշտը տեղի կունենա մարտի 12-ին՝ ժամը 11:00-13:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տնից:

Զավեն Նազարեթի Վարդանյանը ծնվել է 1945 թ. հունվարի 15-ին Սիրիայի Հալեպ քաղաքում: 1947թ.–ին տեղափոխվել է Հայաստան:

1974 թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դիրիժորական ֆակուլտետը: 1975թ. սկսել է դիրիժորի կարիերան, հիմնել և ղեկավարել է «Մենակատարներ» անսամբլը:

1979-90 թթ եղել է Երևանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը: Նրա գլխավորությամբ իրականացել են հայաստանյան բազմաթիվ փառատոններ ու մրցույթներ, և նրա մեկնաբանմամբ հայաստանցի ունկնդիրն առաջին անգամ ծանոթացել է Ստրավինսկու, Շնիտկեի, Վարեզի, Հենցի, Այվզի, Կոկկոնենի, Նորդգրենի և կոմպոզիտորական արվեստի համաշխարհային դասական այլ հեղինակների գործերին:

1992-2010 թթ. դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում:

1994-2000 թթ եղել է Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դիրիժոր: Որպես հրավիրյալ դիրիժոր՝ հանդես է եկել Ռուսաստանում, եվրոպական մի շարք երկրներում, ԱՄՆ-ում:

2003-2007 թթ. Էկվադորի կառավարության հրավերով աշխատել է տեղի համալսարանում և ղեկավարել այդ երկրի բոլոր 4 սիմֆոնիկ նվագախմբերը:

Պարգևատրվել է մի շարք մեդալներով, պարգևներով: 2009թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման:

Sputnik Արմենիա

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ