Последние новости

Սամվել ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ. ՎՏԱՆԳԻ ՏԱԿ ԵՆ ԶԼՄ-ՆԵՐԻ ՈՉ ՄԻԱՅՆ ՅՈՒԹՈՒԲՅԱՆ ԱԼԻՔՆԵՐԸ, ԱՅԼԵՎ ՍՈՑՑԱՆՑԵՐԻ ՀԱՇԻՎՆԵՐԸ

Առևանգման վտանգի տակ են լրատվամիջոցների ոչ միայն յութուբյան ալիքները, այլև սոցցանցերի հաշիվները։ Panorama.am-ի հետ զրույցում ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

Նրա խոսքով, ԶԼՄ-ների դեպքում հաճախ խնդիրներ լինում են յութուբյան ալիքների ու ֆեյսբուքյան հաշիվների հետ, քանի որ դրանց լսարանը մեծ է։

«Յութուբն օգտագործվում է ֆեյք կոնտենտի տարածման համար՝ ինչ-որ ներդրումների և այլնի մասին, իսկ ֆեյսբուքում կարող են գովազդ միացնել իրենց ուզած նյութի վրա՝ օգտագործելով ԶԼՄ բանկային քարտում եղած գումարները»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ երկու օր առաջ առևանգվել է «Առավոտ»-ի յութուբյան ալիքը։ «Առավոտ» օրաթերթի առցանց տարբերակի խմբագիր Աննա Իսրայելյանը կատարվածը դիտարկում է իշխանությունների կողմից հետապնդման համատեքստում։

ԶԼՄ-ների ֆեյսբուքյան ու այլ սոցցանցերի հաշիվները հնարավորինս պաշտպանված դարձնելու համար Մարտիրոսյանը մի քանի խորհուրդներ է տալիս։

«Պետք է ադմինները լինեն հաշվառված։ Օրինակ, լրատվամիջոցները սիրում են ֆեյսբուքյան էջի մի 40 ադմին ունենալ, որից 30-ը վաղուց էլ այդտեղ չեն աշխատում։ Ադմինները պետք է միացրած լինեն երկփուլային անվտանգությունն ամեն տեղ՝ էլ . փոստից սկսած մինչև բոլոր սոցցանցերի հաշիվներ»,-ասաց փորձագետը։

«Առավոտ»-ի հետ կատարված վերջին դեպքը վկայակոչելով՝ Մարտիրոսյանը նշում է, հնարավոր է շրջանցվեն նաև անվտանգության այս միջոցները, եթե խնդիրներ կան համակարգչի կամ հեռախոսի հետ։

«Ընդհանրապես պետք է հասկանալ, որ այն համակարգիչները, որոնցով աշխատում են, կարող են հարձակման ենթարկվել։ Պետք է դրանց օպերացիոն համակարգերը միշտ թարմացված լինեն։ Չի կարելի աշխատել հին համակարգիչներով, որտեղ թարմացումները եղել են մի երկու տարի առաջ։ Նույնը վերաբերում է հեռախոսներին։ Կարևոր է, որ այդ սարքերը բաց չլինեն բոլորի առաջ»,-ասաց Մարտիրոսյանը։

Փորձագետը մանրամասնեց, եթե օրինակ լրագրողը, թողարկողն աշխատում են տան համակարգչով, որից օգտվում է նաև երեխան, կարող է խաղերի հետ նաև վիրուս քաշել։

«Կան այնպիսի տրոյաներ, երբ այդ համակարգիչը կարող են օգտագործել որպես մուտքի կետ։ Այդ դեպքում նույնիսկ երկփուլային անվտանգության ակտիվացման դեպքում ոչինչ չի փրկի»,-նշեց նա։

Խնդիրներից խուփասելու համար, ըստ փորձագետի, թարմացումները պետք է հաճախ արվեն, անտիվիրուսային ծրագրերը պետք է թարմացվեն ժամանակին, համակարգչին մուտքը պետք է լինի սահմանափակ։

«Ես հասկանում եմ, որ տան համակարգչից երեխաներն էլ են ուզում օգտվել, բայց այդ հարցը լուծվում է, երբ ստեղծվում երեխայի առանձին հաշիվ, Windows-ը դա թույլ է տալիս։ Այդ դեպքում երեխան վնաս տալ չի կարող, ինչ էլ քաշի՝ ծնողի վերահսկողության ներքո է լինելու»,-ասաց նա՝ ավելացնելով, եթե այս քայլերն արվեն հաշիվները հնարավորինս պաշտպանված կլինեն։

Panorama.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ