Последние новости

ՖԱԴԵՅ ՍԱՐԳՍՅԱՆ. ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋՄՂԻՉԸ

Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, գեներալ Ֆադեյ Տաճատի Սարգսյանը և Երևանի կոնյակի գործարանի տնօրեն Միխայիլ Գաբրիելի Խանոյանը համատեղ ձեռնարկեցին և իրականացրեցին խորհրդային տարիներին իր հանդգնությամբ ու խիզախությամբ աննախադեպ գործողություն. Ջուղայի հայկական խաչքարերի գաղտնի, չարտոնված դուրսբերում Ադրբեջանի Նախիջևանի ինքնավար հանրապետության սահմանային գոտուց։

Հայկական համարանիշներով բեռնատարը բարձեցին արդեն այն ժամանակ ադրբեջանցիների կողմից ալբանական (աղվանական) հայտարարված միջնադարյան խաչքարերի պահպանված (աշխարհի խոշորագույն) գերեզմանոցի տապանաքարերը։ Խաչքարեր՝ որոնք ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում։

 ԿԱՆԽԱՏԵՍՈ՞ՒՄ ԷՐ ԱՐԴՅՈՔ ՖԱԴԵՅ ՏԱՃԱՏԻՉԸ, ՈՐ ՏԱՐԻՆԵՐ ԱՆՑ, 2006-ին, ԳԵՐԵԶՄԱՆՈՑԻՑ ՀԵՏՔ ԱՆԳԱՄ ՉԻ ՄՆԱԼՈՒ, մնացած հազարավոր խաչքարերը հողին են հավասարեցվելու, և Ադրբեջանի իշխանություններն արգելելու են Եվրախորհրդարանի հանձնաժողովին զննել հայկական պատմական գերեզմանոցը։ Չգիտեմ։ Բայց ինչո՞վ էր առաջնորդվում Հայաստանի ամենագաղտնի և կարևորագույն գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, իշխանության բարձրագույն մարմիններում ընդգրկված Ֆադեյ Սարգսյանը՝ ենթարկելով իրեն ամեն ինչ կորցնելու վտանգի։ Կարծում եմ, ավելի շուտ՝ վստահ եմ. հայրենասիրությամբ, հարազատ ժողովրդի հանդեպ անսահման սիրով, նախնիների ու սերունդների հանդեպ պատասխանատվության զգացումով։ Բիբլիական Ֆադեյ (Թադեոս) անունը Ֆադեյ Տաճատիչին տվել են պապի՝ Նախիջևանի թեմի հոգևոր հովիվ, Ռուսական կայսրության պետական պարգևների արժանացած Տեր Թադևոսի պատվին։ Որքան մեծ է ականավոր մարդկանց մեջ ժառանգորդության ուժը, պարտքի զգացումը։

Ֆադեյ Սարգսյանը, որի ծննդյան 100-ամյակը կլրանա առաջիկա սեպտեմբերի 18-ին, ծնվել է Երևանում, նյութական շատ համեստ հնարավորություններ ունեցող բազմազավակ ընտանիքում։ 1940 թվականին ավարտելով միջնակարգ դպրոցը՝ ընդունվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ֆակուլտետ։ Ֆադեյ Տաճատիչը միշտ «գերազանց» է սովորել. դպրոցում, ինստիտուտում, ակադեմիայում։ Ընդամենը մեկ տարի անց ընդունելություն հայտարարվեց Լենինգրադի ռազմական էլեկտրատեխնիկական ակադեմիայում։ Փայլուն հանձնելով երկրորդ կուրսի էքստեռն քննությունները (պայման կար, որ ակադեմիայի ունկնդիր կարող են լինել միայն նրանք, ովքեր ավարտել են առնվազն երկրորդ կուրսը), ապագա գեներալը դարձավ կուրսանտ։ Պատերազմ էր։ Ակադեմիան տեղափոխվեց Տոմսկ։

 1943թ. հուլիսին տեխնիկ-լեյտենանտի կոչումով Ֆադեյ Սարգսյանին ուղարկեցին ռազմաճակատ։ Նա ծառայել է 31-րդ բանակի 36-րդ հրաձգային կորպուսի կապի առանձին գումարտակում։ Այնուհետ շարունակել է ուսումն ակադեմիայում։ Հայաստանից եկած 44 կուրսանտներից ակադեմիան ավարտել են 5-ը։ Լեյտենանտ Սարգսյանը նրանցից միակն էր, որ արժանացավ անհատական կրթաթոշակի, իսկ երիտասարդ գիտնականի ինժեներական տաղանդի մասին լեգենդներ էին շրջում։ Պատահական չէ, որ 1946 թվականին 23-ամյա սպան ուղարկվեց Մոսկվա՝ ծառայելու ԽՍՀՄ պաշտպանության մինիստրության Գլխավոր հրետանային վարչության (ԳՀՎ) ռադիոտեղորոշիչ վարչությունում։ Պատերազմի ծանրագույն տարիներին Սարգսյանը ինժեներական փայլուն կրթություն ստացավ։ Նրա ուսուցիչներն էին ականավոր գիտնականներ Միխայիլ Կոնտորովիչը, Նիկոլայ Կռիլովը, Նիկոլայ Իզյումովը, Ալեքսանդր Արենբերգը և այլք։

Ֆադեյ Տաճատիչը տվյալ ոլորտի լավագույն մասնագետների հետ զբաղվել է ռադիոլոկացիոն տեխնիկայի մշակմամբ և ներդրմամբ, ռադիոտեխնիկական կարևոր սարքավորումների մշակմամբ և արտադրության մեջ դրանց ներդրմամբ։ Տաղանդավոր ու աշխատասեր գիտնականը շուտով դառնում է գիտական քարտուղար, ԽՍՀՄ ՊՄ ԳՀՎ գիտատեխնիկական կոմիտեի վարչության պետի տեղակալ։ 1946-1959 թվականները՝ Մոսկվայում պաշտպանության մինիստրության համակարգում Ֆադեյ Տաճատիչի ծառայության տարիները, հագեցած էին գիտատեխնիկական զարգացման կարևորագույն ոլորտներում նշանակալի հաջողություններով, համաշխարհային նշանակության հայտնագործություններով։ Պատահական չէ, որ Ֆ.Սարգսյանն իր հուշերում գրում է, որ ԳՀՎ-ում աշխատանքի 13 տարիները ամենահագեցածն էին իր կյանքում։ ԽՍՀՄ-ի և Չինաստանի հարաբերություններում հայտնի խնդիրներից հետո չգրվեց այն մասին, որ 1953 թվականին՝ կորեական իրադարձությունների ժամանակ, Ֆադեյ Տաճատիչը գործուղվել է Չինաստան, որպես ՀՕՊ հարցերով խորհրդական։ Չմանրամասնելով՝ նշենք, որ մարշալ ՉԺու Դեն երկու անգամ ՉԺՀ պետական պարգևներ է շնորհել ավագ սպա Ֆադեյ Սարգսյանին։

 ԱՆՑԱԾ ԴԱՐԻ 50-ԱԿԱՆ ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ԿԵՍԻՆ ՍՏԵՂԾՎԵՑ Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտը։ Որոշման համար հիմք հանդիսացան Հայաստանի մաթեմատիկական դպրոցի նշանակալի ձեռքբերումները։ Ինստիտուտի խնդիրն էր՝ ստեղծել էլեկտրոնային հաշվողական տեխնիկա՝ կառավարման և ինֆորմատիկայի գիտության զարգացման մեջ լայն կիրառման համար։

50-ականների վերջն ու 60-ականները անվանում են հալոցքի շրջան, առաջին հերթին նկատի ունենալով այդ ժամանակահատվածում ստեղծված գրականության և արվեստի գործերը։ Սակայն տեղի ունեցող փոփոխությունների ամենակարևոր, կարելի է ասել՝ հեռանկարային դրսևորումը գիտության և տեխնիկայի այն ոլորտների զարգացումն էր, որոնց չէր հավատում «ժողովուրդների առաջնորդը»։ Թեև դրանց էր պատկանում ապագան։ Եվ ահա ԵրՄՄԳՀԻ-ն դարձավ գիտական և տեխնոլոգիական առաջընթացի կենտրոնը, որն իր հետևից տանում էր Հայաստանի մտավոր, այդ թվում կրթական զարգացումը։ Պատահական չէ, որ հետագայում, երբ Հայաստան էին այցելում օտար պետությունների ղեկավարներ և կարևոր պատվիրակություններ, մշակութային կենտրոններից բացի՝ նրանց անպայման տանում էին ԵրՄՄԳՀԻ, որպես երկրի բարձրագույն գիտական նվաճումների ապացույց։ Երևանի մաթեմատիկական մեքենաների ինստիտուտն այդպիսին դարձավ ակադեմիկոս Ֆադեյ Սարգսյանի կազմակերպչական տաղանդի շնորհիվ։

Ինստիտուտը ստեղծելիս տնօրենի պաշտոնակատարի պաշտոնը վերապահվեց հանճարեղ մաթեմատիկոս Սերգեյ Մերգելյանին, որն այդպես էլ չդարձավ հաստատության տնօրենը։ Նրան փոխարինեց Գուրգեն Սարգսյանը։ 1963 թվականից այդ ինստիտուտի ղեկավարը դարձավ Ֆադեյ Սարգսյանը, որի օրոք էլ կայացավ այդ եզակի հաստատությունը։

 Իր գոյության առաջին տարիներին ինստիտուտը լայն գործունեություն չի ծավալել։ Թիմը ձևավորվում էր տաղանդավոր մասնագետներից, սակայն գզվռտոցը, բանսարկությունները, խմբակայնությունը թույլ չէին տալիս ծավալել անհրաժեշտ աշխատանքը։ Արդյունքը ղեկավարության հաճախակի փոփոխումն էր։ Տնօրենի պաշտոնում Ֆադեյ Տաճատիչի գալուստով իրավիճակը որակապես փոխվեց։ Կոլեկտիվը դարձավ մեկ ամբողջություն, իրականացնելով եզակի նախագծեր, հասնելով համաշխարհային մակարդակի արդյունքների։ Տնօրենի կազմակերպչական տաղանդի բաղկացուցիչ մասն էին մարդկային բացառիկ հատկանիշները, յուրաքանչյուրի նկատմամբ անհատական մոտեցում գտնելու կարողությունը, մասնագիտական բանիմացությունը և մեծագույն բարությունը՝ զուգորդված պահանջկոտության և կարգապահության հետ։ Ֆադեյ Սարգսյանը առանձնահատուկ ուշադրություն էր հատկացնում սոցիալական ոլորտին։ Աշխատակիցները ստանում էին Հայաստանում ամենաբարձր աշխատավարձը, ապահովվում բնակարաններով և անհրաժեշտ ամենով։ Բազմահազարանոց կոլեկտիվը պաշտում էր իր ղեկավարին։

ԵրՄՄԳՀԻ-ում ստեղծվել են երկրորդ սերնդի «Հրազդան-2» և «Հրազդան-3» ԽՍՀՄ-ում առաջին կիսահաղորդչային համակարգիչները, այնուհետ՝ երրորդ սերնդի «Նաիրի» մեքենաները։ Ամերիկացիները գրում էին, որ «Նաիրի»-ն չափազանց առաջադեմ ԷՀՄ է, որը նվազեցրել է տարբերությունը իրենց հաշվողական մեքենաների համեմատ։ Հսկայական ձեռքբերում էր համարվում միասնական սերիայի EC-1045 համակարգիչը, Vk-1045 համակարգչային համալիրը։ Այդ աշխատանքների հեղինակներն արժանացել են Լենինյան և պետական մրցանակների, նրանց շարքում էր նաև Ֆադեյ Սարգսյանը։ Հայ ժողովրդի պատմության մեջ ոսկե տառերով են գրվելու անվանի կոնստրուկտորներ Արման Քուչուկյանի, Հրաչիկ Հովսեփյանի, Մնացական Բունիաթյանի, Հերման Օհանյանի, Արամ Գեոլեցյանի, Ռոբերտ Աթոյանի, Յուրի Շուքուրյանի և նրանց գործընկերների անունները։ Նրանք բոլորն ապրել և աշխատել են Հայաստանում, իսկ նորագույն էլեկտրահաշվիչ մեքենաները կոչվել են «Նաիրի», «Հրազդան»։ Մեկնաբանություններն ավելորդ են։

 1977 ԹՎԱԿԱՆԻՆ ՖԱԴԵՅ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՎՈՒՄ Է ՀԽՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ։ Կառավարությունը նա գլխավորել է տասներկու տարի։

Այդ շրջանում երկրի ղեկավարն էր ականավոր պետական-քաղաքական գործիչ Կարեն Սերոբի Դեմիրճյանը։ Ֆադեյ Տաճատիչին լավ ճանաչում ու հարգում էին Մոսկվայում։ Նրա ընկերներից էին միութենական մինիստրներ, մարշալներ և գեներալներ, որոնց հետ անմիջականորեն աշխատել և ընկերություն էր արել տարիներ շարունակ։ Սակայն վճռորոշ երաշխավորությունը Դեմիրճյանի ընտրությունն էր։ Դեմիրճյանական Հայաստանը տնտեսական, կրթական, մշակութային աննախադեպ վերելքի ժամանակաշրջան էր։ Կարելի է բերել ահռելի թվով փաստեր ու թվեր։ Սահմանափակվենք միայն երկուսով։ Եթե 1970 թվականին Հայաստանում կային 7 խոշոր արտադրական միավորումներ, ապա տասը տարի անց դրանց թիվը տասնապատիկ ավելացավ. այդպիսիք 77-ն էին։ Այդ ժամանակաշրջանում տարեկան կառուցվում և բացվում էր 60-ից 80 նոր դպրոց։ Մինիստրների խորհրդի նախագահը մեկնում էր ամենապատասխանատու տեղամասեր։ Սարգսյանը Երևանի մետրոպոլիտենի շինարարության շտաբի պետն էր, Մարզահամերգային համալիրի կառուցման, Օպերային թատրոնի վերակառուցման, հանրապետության տնտեսության ողջ ենթակառուցվածքների զարգացման պատասխանատուն։

 Կցանկանայի հակիրճ անդրադառնալ պետության և Եկեղեցու հարաբերություններին։ Աթեիստական պետությունը, որի գաղափարական հիմքերից մեկը անաստվածությունն էր, իր հիմնադրման պահից ի վեր և զարգացման տասնամյակների ընթացքում ամեն կերպ հետապնդել է Եկեղեցուն և նրա սպասավորներին։ Հայաստանում ֆիզիկական հաշվեհարդարի են ենթարկվել բազմաթիվ եկեղեցականներ, քանդվել տաճարներ ու եկեղեցիներ։ 1941-45թթ. Հայրենական մեծ պատերազմի շրջանում և հետագա տարիներին Եկեղեցու նկատմամբ վերաբերմունքն ավելի հանդուրժողական դարձավ, սակայն գաղափարական դիմակայությունը շարունակվում էր։ Հայաստանում 70-80-ական թվականներին երկրի ղեկավարները, չնայած Կենտրոնից թելադրված հրահանգներին, գիտակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու դերը՝ որպես ազգային ինքնության պահպանման կարևոր ինստիտուտի։ Այդ աշխատանքը հիմնականում վարում էր Մինիստրների խորհրդի նախագահ Ֆադեյ Սարգսյանը։ Նա պարբերաբար հանդիպումներ էր ունենում Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինի հետ, լուծում անհրաժեշտ հարցերը։ Պատահական չէ, որ հետպատերազմյան շրջանում Խորհրդային Միության իշխանության բարձրագույն մարմինների ընդունված և Հայաստանին վերաբերող երկու որոշումներից մեկը հանրապետությունում աթեիստական անբավարար աշխատանքի մասին էր…

 Հետագայում, արդեն անկախության շրջանում, Ֆադեյ Տաճատիչի և Եկեղեցու փոխհարաբերությունները նոր որակ ձեռք բերեցին, հատկապես Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի օրոք։ Ահա թե ինչ է գրում Նորին Սրբությունը. «Պարոն Սարգսյանին ուրախությամբ ենք ունեցել ճանաչելու իր վարչապետության օրերից և սիրել ու հարգել ենք իրեն՝ որպես վաստակաշատ անձի, որպես հայորդու, որպես մեր Եկեղեցու հավատավոր նվիրյալ զավակի։ Այդ ոգին ինքը ժառանգել է, հավանաբար, իր քահանա մեծ հորից, որի անունը միշտ սիրով ու հպարտությամբ է կրել, և այդ զգացումին մենք հաղորդ ենք դարձել, երբ հրավիրել ենք պարոն Սարգսյանին մասնակից լինելու եկեղեցիների հիմնարկեքի արարողություններին։ Վեց եկեղեցիների հիմնարկեքի արարողություններին մասնակից է եղել որպես կնքահայր։ Նա հպարտությամբ էր անդրադառնում այն իրողությանը, որ ինքը թոռնիկ է քահանայի»։

1993 թվականին Ֆադեյ Սարգսյանն ընտրվեց ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ։ Նրա գլխավոր խնդիրներից մեկը դարձավ հնարավորինս պահպանել ակադեմիան։ Նոր իշխանությունների վերաբերմունքը կտրուկ տարբերվում էր խորհրդային ժամանակաշրջանի իրողություններից. փոխվել էր ակադեմիայի, գիտության դերը պետական կառուցվածքի համակարգում։ Ֆադեյ Տաճատիչը, օգտագործելով Հայաստանից դուրս ունեցած իր կապերը, անձնական հատկանիշները, ձեռք բերեց մի շարք պայմանավորվածություններ ՀՀ Գիտությունների ակադեմիայի և արտասահմանյան կենտրոնների գիտական համագործակցության վերաբերյալ։ Ակադեմիային օգնում էին նաև հովանավորները։ Բայց այդ ամենը բավարար չէր։ Եվ այդ ընթացքում, ասենք՝ նաև այսօր, ՀՀ ԳԱԱ-ում ստեղծված իրավիճակը հանգեցնում է ինչ-որ բան բարեփոխելու, իսկ իրականում ոչինչ չանելու՝ կառավարության հավերժական ցանկության մասին մտքերի։

Անցյալում ստեղծվածի իսպառ մերժումն ու թերըմբռնումը սպառնում է ազգային կարևորագույն ինստիտուտների փլուզմամբ։ Այդ ամենը հասկանում էր ականավոր պետական գործիչ Ֆ.Սարգսյանը։

Ահա թե ինչ է գրում ակադեմիկոս Սամվել Շուքուրյանը Ֆադեյ Տաճատիչի մասին. «Հայաստանում բարձր տեխնոլոգիաների, էլեկտրոնիկայի, հաշվողական տեխնիկայի և ինֆորմատիկայի զարգացման գործում նրա վաստակը մեծ է և անվիճելի։ Նա առաջինն էր, ով գիտակցեց համապատասխան, ընդ որում՝ անընդհատ թարմացվող տեխնոլոգիական ու ֆինանսական ենթակառուցվածքի ստեղծման անհրաժեշտությունը և շատ բան արեց դրա համար։ Այդ ենթակառուցվածքը ոչ միայն հաջողությամբ գործել է տասնամյակներ շարունակ, այլև համակողմանի նպաստել է Հայաստանում ինժեներական տաղանդների և նորարարական մտածողության աճին ու զարգացմանը։ Եվ հիմա Հայաստանում մոտ 25 հազար մարդ հաջողությամբ աշխատում է բարձր տեխնոլոգիաների ոլորտում»։

Ֆադեյ Տաճատովիչի մասին այս հոդվածը կցանկանայի ավարտել լիտվացի մեծ բանաստեղծ Էդուարդաս Մեժելայտիսի արտահայտությամբ. «Նա սրտին մոտ էր ընդունում ամեն մի անհատի խնդիրները»։

ՌՈՒԲԵՆ ՄԻՐԶԱԽԱՆՅԱՆ

Հայաստանի Թեքեյան մշակութային միության նախագահ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • В ХРАМЕ ГРОБА ГОСПОДНЯ В ИЕРУСАЛИМЕ СОШЕЛ БЛАГОДАТНЫЙ ОГОНЬ (Видео)
      2024-05-05 10:11

      В храме Гроба Господня в Иерусалиме сошел благодатный огонь.  

    • ЗАО «АРДШИНБАНК» ОБЪЯВИЛ О НОВЫХ ЛЬГОТНЫХ УСЛОВИЯХ РЕФИНАНСИРОВАНИЯ БИЗНЕС-КРЕДИТОВ
      2024-05-03 16:23

      Ардшинбанк ввел новый вид рефинансирования бизнес-кредитов на льготных условиях с возможностью дополнительного финансирования текущих расходов. Продукт предназначен для малых и средних предприятий - резидентов Республики Армения, которые имеют действующие кредиты в банках Армении и хотят облегчить свою кредитную нагрузку.

    • ВЕСЕННИЕ ВСТРЕЧИ
      2024-05-01 10:36

      Погода продолжает преподносить нам сюрпризы. Прошедшая зима получилась удивительно мягкой. Весна рванулась с места в карьер, взметнув вверх столбики термометров. Апрель вообще побил все рекорды. Может, хочет поменяться местами с маем? Деревья раньше оделись в зеленый наряд. Даже в моем, самом северном 9-м Норкском массиве Еревана. Ну а приходу тепла больше всех рады птицы.

    • 28 АПРЕЛЯ - ДЕНЬ ОХРАНЫ ТРУДА - ОТМЕТИЛИ В ЮКЖД
      2024-04-30 14:36

      В компании "Южно-Кавказская железная дорога" сфера охраны труда и производственной безопасности является одной из центральных, в связи с чем 28 апреля - Всемирный день охраны труда - железнодорожники отметили рядом мероприятий.  






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ