Последние новости

Նաիրա ԶՈՀՐԱԲՅԱՆ. ԵԽԽՎ-ԻՆ ՈՒԶՈՒՄ ԵՍ ԱՍԵԼ, ԻՅԱ, ԻՐՈ՞Ք (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԵԽԽՎ-ն երեկ քվեարկությամբ որոշեց չվավերացնել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները: Այս որոշմամբ Ադրբեջանի պատվիրակությունն առնվազն մեկ տարով հեռացվեց ԵԽԽՎ-ից և այդ ընթացքում այդ երկիրը կարող է վերադառնալ միայն իր կանոնակարգային պարտավորությունները կատարելու դեպքում։

Panorama.am-ը ԱԺ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության նախկին անդամ Նաիրա Զոհրաբյանի հետ զրուցել է Վեհաժողովի որոշման ուշացած լինելու, դրա կայացման իրական պատճառների, արձագանքի ու հնարավոր հետևանքների շուրջ։

 

-Տիկին Զոհրաբյան, ուշացած չէ՞ր նման որոշումը։ Ո՞րն է Խորհրդարանական Վեհաժողովի որոշման իրական պատճառը։

-Ես հետևում եմ, թե ինչ էյֆորիա ու օրգազմ է իշխանական տարբեր քարոզիչների հարթակներում ԵԽԽՎ որոշման հետ կապված։ Նախ ուզում եմ հիշեցնել, որ մինչև այդ քվեարկությունը ադրբեջանական պատվիրակությունն ինքնը հանդես եկավ հայտարարությամբ՝ ասելով, որ իրենք լքում են ԵԽԽՎ-ն, մինչև հաջորդ ծանուցումը։ Այնպես որ պոստֆակտում արված հայտարարությունն ուղղակի զվարճալի է։ Իսկ երբ կարդում ես դրա հիմնավորումը, որտեղ խոսք կա Լաչինի միջանցքի շրջափակման մասին, ես հիշում եմ հայտնի անեկդոտը. «Մեկը նստում է տաքսի, ասում է՝ քշի Թուրքիա։ Վարորդը հարցնում է՝ ինչի՞։ Ասում է՝ ես նոր իմացա, որ 1915 թվականին ցեղասպանություն է եղել»։ ԵԽԽՎ-ին ուզում եմ ասել, իյա, իրո՞ք։ Էդ Լաչինի միջանցքի շրջափակումն ու հումանիտար ճգնաժամը որ դատապարտում եք հիմա, երբ Արցախում մնացել է 10-15 հայ, էն էլ Ալիևը պահում է Բաքվի թանգարանում նմուշի համար, ո՞ւմ է պետք այդ որոշումը։

Ի վերջո, նույն Ալիևը քանիցս հայտարարել է ԵԽԽՎ հարթակում, այդ ամբիոնի մոտ, ու ոչ միայն հայտարարել է, այլև գործողություններով ցույց է տվել, որ թքած ունի միջազգային բոլոր կառույցների վրա։ Նույն Ստրասբուրգում՝ ԵԽԽՎ-ում, որտեղ նստած եմ եղել ես, Ալիևը բառացի հայտարարել է. «Ես թքել եմ միջազգային բոլոր կառույցների վրա, եթե անգամ Ադրբեջանին հեռացնեք Եվրոպայի խորհրդից, մեր օրակարգը Հայաստանի հանդեպ մնալու է անփոփոխ»։

Իսկ որն է իրական պատճառը, որ ԵԽԽՎ-ն որոշել է հիշել Լաչինի միջանցքը, սովի ու բլոկադայի ճիրաններում գրեթե մի տարի մեռնող արցախցիներին։ Պատճառն այն է, որ Ադրբեջանում փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններին ԵԽ-ն չի հրավիրվել դիտորդական առաքելություն իրականացնելու համար։ Առնվազն անբարոյական է սեփական ռազբորկաներն Ադրբեջանի հետ լուծելու համար անամոթաբար ու այսքան ուշացած օգտագործել Արցախի ու արցախցիների խնդիրը, երբ իրական որևէ քայլ բացի A4 ֆորմատի թղթի վրա արված հայտարարություններից միջազգային որևէ կառույց, որևէ հարթակ, վեհաժողով չի արել Արցախի համար։

-Որոշումը պարարտ հող չի՞ ստեղծում Հայաստանի համար իր շահերը գոնե ժամանակավորապես առաջ մղելու այդ կառույցում։

-Պարարտ հող կստեղծեր այն ժամանակ, երբ ունենայինք իշխանություն, որը սպասարկում է հայկական օրակարգ։ Բայց մենք ունենք իշխանություն, որի ներկայացուցիչները նաև այդ կառույցում բազմաթիվ եվրոպացի գործընկերների խնդրել են ու շարունակում են խնդրել չբարձրաձցնել ցեղասպանության հարցը։ Ես ասում եմ գործիչ, որը վերջերս է վերադարձել Ստրասբուրգից ու շփվել է տարբեր գործիչների հետ։ Ասում են՝ ձեր իշխանական գործիչներն են ԵԱՀԿ-ում, ԵԽԽՎ-ում, Եվրանեսթ-ում խնդրում չբարձրացնել Ցեղասպանության հարցը, չսրել Ադրբեջանի հետ հարցը։

Իհարկե, սա շատ կարևոր հարթակ կարող էր լինել, եթե Հայաստանի իշխանությունը հակված լիներ հայկական օրակարգ ձևավորելուն։ Իսկ եթե Հայաստանի թիվ մեկ պաշտոնյան՝ Նիկոլ Փաշինյանը, անընդհատ հայտարարում է, որ մենք, անկախ Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններից, գնում ենք խաղաղության օրակարգի։ Իսկ այդ խաղաղության օրակարգն ինձ հիշեցնում է այն աղավնին, որին Շուշիի մատույցներում իր գամփռ ձեռներով խեղդեց ադրբեջանցի, մուշտակով, երևի 300 կգ քաշով տիկին էկոակտիվիստը։

Հիմա այս որոշումը մեզ ոչինչ չի տալու, հակառակը, սա ավելի է ազատելու Ադբեջանի ձեռքերը, որը զերծ լինելու որևէ միջազգային հարթակում իր անդամությունից բխող պարտավորություններից և շատ ավելի սանձարձակ է լինելու իր գործողություններում։

Panorama.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ