Последние новости

Գևորգ ԴԱՆԻԵԼՅԱՆ․ ՎԵՆԵՏԻԿԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿԱԳՐԻ ՀԱՆԴԵՊ ՊԱՀԱՆՋՆԵՐ ՉԻ ՈՒՆԵՑԵԼ

Վենետիկի հանձնաժողովը երբեք պահանջներ չի ունեցել Անկախության հռչակագրի հանդեպ։ Այս մասին հայտնել է ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը՝ ելույթ ունենալով Անկախության հռչակագրին և Սահմանադրությունից Հռչակագրի հղումը հանելուն վճռական «ոչ» ասելուն նվիրված համաժողովում։

Նա նշել է, որ իշխանությունների փաստարկները, թե հռչակագրում ամրագրված են տարածքային պահանջներ, և միջազգային կազմակերպությունները դժգոհ են դրանից, կայացած չեն։ «Ես եղել եմ 2015թ. սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովում։ Նախագիծը ներկայացվել է Վենետիկի հանձնաժողով, և երբեք այնտեղից որևէ պահանջ չի եղել։ Եղել են առաջարկներ, օրինակ՝ առաջարկել են թույլատրել գրանցել ոչ ավանդական կողմնորոշում ունեցող անձանց ամուսնությունները, բայց հռչակագրի հանդեպ պահանջ երբեք չի եղել։ Թե ինչպես է հիմա իրավիճակը փոխվել՝ չեմ պատկերացնում»,- նշել է Դանիելյանը։

Նրա խոսքով՝ անհասկանալի է, կամ, հակառակը, հասկանալի, թե ինչպես են ձևավորվում որոշ պատկերացումներ։ Օրինակ, խոսվում է այն մասին, որ (հռչակագիրը) Ադրբեջանին հարձակվելու լեգիտիմ իրավունք է տալիս։ Նախկին նախարարը հարց է տալիս՝ իսկապե՞ս պաշտոնյաները չեն հասկանում, թե ինչ է լեգիտիմը, թե՞ պարզապես օգտագործում են գեղեցիկ տերմինը։ Այս առնչությամբ նա հիշեցրել է, որ անգամ տարածքային հավակնությունների առկայության դեպքում պատերազմը հանցագործություն է, միջազգային իրավունքը չի փոխվում։ «Խոսել «լեգիտիմ իրավունքի» մասին՝ նշանակում է անկախ հակառակորդի գործողությունների իրավաչափությունից՝ ճանաչել դրանք լեգիտիմ։ Այսինքն՝ մենք ոչ թե փակուղի ենք գնում, այլ ծուղակ։ Փակուղուց դեռ ելք կա»,- նշել է Գևորգ Դանիելյանը։

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ