Последние новости

Գարեգին Խումարյանի հոդվածում էթիկայի խախտում չկա. Հրապարակվել է փորձագիտական կարծիքը

Հայաստանի Հանրային ռադիոյի տնօրենի Գարեգին Խումարյանի «Ցլերի, Հռչակագրի, մեր ինքնության մասին» հոդվածքում լրագրողների էթիկական սկզբունքների կանոնագրի դրույթների խախտում չկա։ Սա փորձագիտական կարծիք է, որն արձանագրել է Հայաստանի ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմինը։

Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Հանրային ռադիոյի «Անվտանգային միջավայր» հանղորդմանը տված հարցազրույցից հետո, ռադիոյի տնօրեն Գարեգին Խումարյանը հոդված էր հրապարակել՝ գնահատական տալով հաղորդավարի աշխատանքին։

Բացի այդ, Գարեգին Խումարյանն իր անհամաձայնությունն էր հայտնել հաղորդման ընթացքում Հայաստանի անվտանգության վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտնած դիրքորոշմանը։

Հոդվածը բազմաթիվ քննարկումների առիթ դարձավ սոցիալական հարթակներում։

Լուրեր տարածվեցին նաև, թե Հանրային ռադիոյի տնօրենը դրանից հետո պատրաստվում է թողնել պաշտոնը։ Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում Գարեգին Խումարյանը հերքեց այդ լուրը։

Խումարյանի հոդվածի հրապարակումից հետո Հանրային հեռարձակողի խորհուրդը հանդես եկավ հայտարարությամբ, նշելով, թե խորհրդի կարծիքով՝ ռադիոընկերության տնօրենը առերևույթ չարաշահել է իր լիազորություններն ու պաշտոնեական դիրքը, օգտագործելով Հանրային ռադիոյի հեղինակությունը և պաշտոնական կայքը՝ սեփական կարծիքը անվիճարկելիորեն ներկայացնելու և առավելագույն արձագանք ապահովելու համար։

«Բացի այդ, ամբողջ աշխարհում պետության առաջին դեմքերի հետ հարցազրույցները չեն ենթադրում բանավեճ, ինչը Գարեգին Խումարյանը որպես առիթ էր օգտագործել հարցազրուցավար Բարեղամ Ղուկասյանի աշխատանքը «վատ ժուռնալիստիկա» որակելու և ունկնդիրների «սպասելիքները չարդարացնելու» համար, որը նույնպես մտահոգիչ է։

Ըստ այդմ, Խորհուրդն առաջիկայում քննության կառնի Հանրային ռադիոընկերության տնօրեն Գարեգին Խումարյանի գործողությունների համապատասխանելիությունը էթիկական և իրավական նորմերին», - նշված էր հայտարարության մեջ։

Ավելի ուշ Խորհուրդը դիմել է Հայաստանի ԶԼՄ-ների Էթիկայի Դիտորդ մարմնին՝ Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Գարեգին Խումարյանի գործողությունների վերաբերյալ փորձագիտական կարծիք ստանալու ակնկալիքով։

Նախօրեին Հայաստանի ԶԼՄ-ների Էթիկայի Դիտորդ մարմինը հրապարակել է փորձագիտական կարծիքը, որն արձանագրում է, որ «Ցլերի, Հռչակագրի, մեր ինքնության և օրեր առաջ այս տաղավարում տեղի ունեցածի մասին» հոդվածը հիմք չի տալիս Դիտորդ մարմնին՝ արձանագրելու Հայաստանի լրատվամիջոցերի և լրագրողների էթիկական սկզբունքների կանոնագրի դրույթների խախտում։

«Գարեգին Խումարյանի հոդվածում արտահայտված են հեղինակի կարծիքն ու գնահատողական դատողությունները։ Մեկնաբանություններն ու վերլուծությունները հիմնված են ստույգ փաստերի և տեղեկությունների վրա։ Հանրային ռադիոյի եթերում հեռարձակվել է ՀՀ վարչապետի հարցազրույցը, իսկ օրեր անց այդ հարցազրույցի՝ հանրային հնչեղություն ունեցող և հանրային բանավեճ հարուցած արտահայտությունների և պնդումների վերաբերյալ գործադիր տնօրենի հոդվածը, ինչը համապատասխանում է բազմակարծության օրենսդրական պահանջին և Էթիկայի կանոնագրով սահմանված՝ կարծիքների փոխանակման ազատությանը»,-նշված է Հայաստանի ԶԼՄ-ների Էթիկայի Դիտորդ մարմնի փորձագիտական կարծիքում։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ