Последние новости

Թաթոյան․ Խստորեն դատապարտում ենք Իսրայելի ոստիկանության վարքագիծը «Կովերի պարտեզում»

Երուսաղեմի «Կովերի պարտեզում» տեղի ունեցածը հայ համայնքի իրավունքների ու օրինական շահերի կոպիտ խախտում է, որն ունի գոյաբանական նշանակություն: Այս մասին հայտարարել է ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ իսրայելցիներն այսօր ոստիկանության աջակցությամբ մուտք են գործել «Կովերի պարտեզ» և, առանց դատարանի որոշման ու նախազգուշացման, հեռացրել տեղադրված արգելապատնեշները։

«Մենք` որպես Երուսաղեմի հայ համայնքը ներկայացնող փաստաբաններ, խստորեն դատապարտում ենք Իսրայելի ոստիկանության վարքագիծը, որով նրանք օգնում են իսրայելցի վերաբնակիչներին ապօրինաբար` բռնի ճանապարհով մուտք գործել Երուսաղեմի Հին քաղաքի հայկական թաղամասում գտնվող «Կովերի պարտեզ»՝ փորձելով հայերին ապօրինաբար դուրս մղել և փորձել փոխել իրավիճակը [ստատուս քվոն] տեղում»,– գրել է Թաթոյանը ֆեյսբուքյան էջում:

Նա շեշտել է, որ միջազգային փաստաբանական թիմը շարունակում է իրավական բոլոր հնարավորություններով պաշտպանել Երուսաղեմի հայկական թաղամասի և հայ համայնքի շահերը:

Հիշեցնենք` Արևմտյան Երուսաղեմում հայկական պատրիարքությունը հասութաբեր կալվածքներ ունի, որտեղ մոտ 160 բիզնես կա, և վանքն այդ բիզնեսների եկամտով է ապրում։

2021թ հուլիսին Երուսաղեմի պատրիարք Նուրհան Մանուկյանը, պատրիարքարանի լուսարարապետ Սևան Ղարիբյանը և անշարժ գույքի վերակացու հայր պարետ Երիցյանը փաստաթուղթ էին ստորագրել պատրիարքարանին պատկանող հողատարածքը` «Կովերի պարտեզ» կալվածքը, 99 տարի ժամկետով ավստրալացի հրեա Դանի Ռուբինշտեյնին վարձակալության տալու մասին։ Գործարարը նախատեսում էր հյուրանոց կառուցել այդ տարածքում։ Հայ համայնքը Երուսաղեմում պարբերաբար բողոքի ակցիաներ է իրականացնում այս գործարքի դեմ։

Sputnik Արմենիա

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ