Последние новости

Ռասմուսեն․ ՀՀ-ն թեքվում է դեպի Արևմուտք, ժամանակն է, որ Եվրոպան ոտքի կանգնի

Մինչ բոլոր հայացքները կենտրոնացած են Ուկրաինայի դեմ Ռուսաստանի անօրինական պատերազմի վրա, մեկ այլ մեծ աշխարհաքաղաքական տեղաշարժ է տեղի ունենում Եվրոպայում, այս անգամ՝ Հարավային Կովկասում: Այս մասին նշել է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը Le Monde-ի համար գրված հոդվածում, որում նա Բրյուսելին կոչ է արել դուրս գալ չեզոքության պահպանման քաղաքականությունից դեպի Արևմուտքի գիծը նախընտրած Հայաստանի և ռուսական ազդեցության տակ գտնվող ագրեսիվ ավտոկրատիաների ճամբարում ինքնահաստատվող Ադրբեջանի միջև:

«Չնայած Ռուսաստանից պատմական, տնտեսական, էներգետիկ և ռազմական կախվածությանը և իր հողում հազարավոր ռուսական զորքերի ֆիզիկական ներկայությանը՝ Հայաստանի կառավարությունը համարձակ ջանքեր է գործադրել՝ ամրապնդելու Հայաստանի ժողովրդավարությունը և ավելի սերտ հարաբերություններ կառուցելու ժողովրդավարական Արևմուտքի հետ:

Այս վերակողմնորոշումը ժամանակ է պահանջում, բայց Եվրոպական միությունից էլ պահանջում է ավելի հավակնոտ ռազմավարություն որդեգրել Հայաստանի ժողովրդավարության նկատմամբ: Պետք է սկսել նրանից, որ վերջ դրվի այն մտքին, թե Եվրամիությունը պետք է չեզոք դերակատար լինի Հայաստանի և Ադրբեջանի միջև: Եվրոպան պետք է միջնորդի դեր ստանձնի կայուն խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններում, բայց նրա մոտեցումը պետք է արտացոլի այն իրականությունը, որ Հայաստանն ընտրել է եվրոպական ժողովրդավարական երկրների համայնքը, մինչդեռ Ադրբեջանը նստած է ագրեսիվ ավտոկրատիների ճամբարում»,- գրել է նախին գլխավոր քարտուղարը։

Քաղաքական գործիչը նշել է, որ ԵՄ-ի հստակության բացակայությունը կարող է վտանգել Հայաստանի երիտասարդ ժողովրդավարությունը և նրա աշխարհաքաղաքական առանցքը:

Ըստ նրա՝ այս նոր մոտեցումը պետք է սկսվի ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք եռակողմ գագաթնաժողովից, որտեղ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը կհյուրընկալի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին:

Ռասմուսենը հավելել է, որ Հայաստանն արդեն սառեցրել է հարաբերությունները ՀԱՊԿ-ի հետ, զորավարժություններ է կազմակերպել Միացյալ Նահանգների հետ և ձգտում է ընդլայնել իր տնտեսական կապերը ժողովրդավարական տնտեսությունների հետ։

«Այնուամենայնիվ, 2023 թվականին Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակումից հետո, ինչպես նաև ադրբեջանական ուժերի կողմից Հայաստանի ներսում ռազմավարական բարձունքների շարունակական օկուպացումից հետո, Հայաստանում անվտանգային իրավիճակը փխրուն է»,- եզրափակել է գործիչը:

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ