Последние новости

Արմեն Ռուստամյան․ Չեմ բացառում, որ Ադրբեջանը լայնածավալ հարձակման գնա (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը չի բացառում, որ Ադրբեջանը գնա Հայաստանի դեմ լայնամասշտաբ հարձակման: Այս մասին նա նշեց այսօր՝ ապրիլի 9-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

 


«Եթե էսկալացիայի վտանգ չկա` ինչո՞ւ է իշխանությունը վախեցնում մեր ժողովրդին պատերազմով։ Վերջերս Նիկոլ Փաշինյանն այցելել էր սահմանամերձ գոտի, որտեղ պատրաստվում են տարածքներ հանձնել, ահաբեկել էր պատերազմով: Եթե որևէ վտանգ չկա` պետք չէ ժողովրդին վախեցնել, բայց, իրականում, դա այդպես չէ։ Սա շատ հստակ ծրագրված գործընթաց է. այնտեղից վախեցնում են, այստեղից վախեցնում են ու ստեղծում տպավորություն, որ ուրիշ ճանապարհ չունենք, պետք է զիջենք, որ կարողանանք գոյատևել», - ասաց նա:

Ըստ նրա` բանավոր խոսակցությունները զուգորդվում են սահմանային լարվածություններով, որ Ադրբեջանն ու Թուրքիան ստանան իրենց համար ընդունելի արդյունքներ ու հասնեն իրենց նպատակին:

Պատգամավորը գիտի, թե որքան պետք է զիջել Ադրբեջանին, որ բավարարեն նրա պահանջները. «Մինչև հայկական ինքնության վերացումը, մինչև հայկական գործոնի վերացումը ու Հայաստանի վերածումը «Արևմտյան Ադրբեջանի»: Բնականաբար, այս ընթացքն իրականացվում է այս ահաբեկչական մթնոլորտը ստեղծելով, մենք էլ ասում ենք` թույլ ենք, անկարող ենք: Ես չեմ բացառում, որ Ադրբեջանն այս անգամ նաև լայնածավալ հարձակման գնա, որ միանգամից խնդիրը լուծի: Լոկալ բախումների ընթացքում Ադրբեջանը միշտ հասել է ինչ-որ լոկալ արդյունքների, բայց այս անգամ, կարծում եմ, որ իրենց խնդիրն ավելի գլոբալ է, և այդ գլոբալ խնդիրը լուծելու համար մենք ինքներս պատերազմով այդ հարցը լուծելու պարարտ հող ենք ստեղծել։ Երբ ասում ենք, որ այդ տարածքներն իրենցն է, արդեն հրավիրում ենք, որ այդ տարածքներ մտնեն ցանկացած եղանակով, այդ թվում նաև զորքով»,-ասաց Ռուստամյանը:

Նա ասաց՝ երբ Հայաստանից ասվում է, որ այդ տարածքներն իրենցն են, դրանով նրանց հրավիրում ենք այդ տարածքներ մտնել, այդ թվում՝ նաև զորքով:

Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ Թուրքիայի ու Ադրբեջանի նպատակն է Հայաստանը բերել այն վիճակի, որ որևէ կարողություն անգամ չունենա` պաշտպանելու իր նվազագույն շահերը:

«Նրանք հստակ ծրագիր են դրել՝ չեզոքացնել հայկական գործոնը տարածաշրջանում»,- հավելեց պատգամավորը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները վերջին օրերին սահմանագոտու մի շարք ուղղություններում տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից փոփոխական ինտենսիվությամբ կրակ են բացել ՀՀ ԶՈՒ դիրքերի ուղղությամբ:

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ