Логотип

Իսրայելը չի ընդունում ցեղասպանության մասին զեկույցը` պահանջելով լուծարել ՄԱԿ հանձնաժողովը

Իսրայելի ԱԳՆ–ն քննադատել է ՄԱԿ-ի անկախ միջազգային հանձնաժողովի զեկույցը Պաղեստինի օկուպացված տարածքներում իրադարձությունների հետաքննության վերաբերյալ` հայտարարելով, որ այն հիմնված է «ՀԱՄԱՍ շարժման ստերի» վրա։

Պաղեստինի օկուպացված տարածքներում իրադարձությունների հետաքննության ՄԱԿ-ի անկախ միջազգային հանձնաժողովն (Independent International Commission of Inquiry) իր նոր զեկույցում եկել է այն եզրակացության, որ Իսրայելի իշխանությունների գործողությունները Գազայի հատվածում համապատասխանում են ցեղասպանության հատկանիշներին։ Հանձնաժողովի զեկույցի համաձայն՝ Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը, վարչապետ Բենիամին Նեթանյահուն և պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտը «հրահրել են ցեղասպանություն իրականացնելուն»։ Զեկույցում նաև զգուշացվում է, որ բոլոր մյուս երկրները պարտավոր են Ցեղասպանության կոնվենցիայի համաձայն կանխել ցեղասպանություն հանցագործությունը և պատժել դրա համար՝ օգտագործելով տրամադրության տակ եղած բոլոր միջոցները։ Հակառակ դեպքում նրանք կարող են հանցակից ճանաչվել։

ԱԳՆ մամուլի ծառայությունը հայտնել է, որ իսրայելական կողմը պահանջել է անհապաղ լուծարել հանձնաժողովը։

«Իսրայելը կտրականապես մերժում է այս աղավաղված և կեղծ զեկույցը և կոչ է անում անհապաղ լուծարել հանձնաժողովը», – ասվում է գերատեսչության հայտարարության մեջ։

Նշենք, որ օկուպացված պաղեստինյան տարածքներում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ անկախ միջազգային հետաքննչական հանձնաժողովը ստեղծվել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի կողմից 2021 թվականին։ Իր զեկույցներում այն ​արձանագրում է միջազգային մարդասիրական իրավունքի խախտումներ, այդ թվում՝ Իսրայելի կողմից քաղաքացիական օբյեկտներին հասցված հարվածներ, Գազայի շրջափակում և գործողություններ, որոնք, ըստ հանձնաժողովի, կարող են որակվել որպես ռազմական հանցագործություններ։ Իսրայելը հրաժարվում է համագործակցել հանձնաժողովի հետ՝ դրա աշխատանքը կողմնակալ որակելով։

Ավելի վաղ Նեթանյահուն կոչ էր արել Գազայի բնակիչներին լքել քաղաքը՝ զգուշացնելով առաջիկա լայնածավալ գործողության մասին։

Հիշեցնենք` Իսրայելը 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից ենթարկվեց աննախադեպ զանգվածային հրթիռային հարձակման։ Դրանից հետո ՀԱՄԱՍ-ի զինյալները ներխուժեցին սահմանամերձ շրջաններ՝ կրակ բացելով զինվորականների և քաղաքացիական անձանց վրա և վերցնելով ավելի քան 200 պատանդ։ Իշխանությունների տվյալներով՝ իսրայելական կողմից այդ ժամանակ զոհվեց մոտ 1,2 հազար մարդ։

Ի պատասխան՝ Իսրայելի պաշտպանության բանակը սկսեց «Երկաթե թրեր» ռազմական գործողությունը, որը ներառում է նաև հարվածներ քաղաքացիական օբյեկտներին, և հայտարարեց Գազայի հատվածի ամբողջական շրջափակման մասին. դադարեցվեցին ջրի, էլեկտրականության, վառելիքի, սննդամթերքի և դեղորայքի մատակարարումները:

Դոհայում հուլիսի 6-ին վերսկսվել են Գազայի հատվածում հրադադարի վերաբերյալ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև անուղղակի բանակցությունները: ԶԼՄ-ների տվյալներով՝ առաջին փուլերն ավարտվել են անարդյունք։ Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Եգիպտոսի ԱԳ նախարար Բադր Աբդել Աթին, Արաբական Հանրապետությունն այլ միջնորդների՝ Կատարի և ԱՄՆ-ի հետ միասին աշխատում է 60-օրյա հրադադարի ուղղությամբ, որի ընթացքում ենթադրվում է իսրայելցի պատանդների ազատ արձակումը:

Sputnik Արմենիա