Ոչ ոք չգիտի, թե իրականում ինչպես կգործի «Թրամփի երթուղին», ոչ ոք չգիտի՝ կկարողանա՞ն իրանական բեռնատարներն անցնել գետնային անցումով, ստորգետնյա անցումով, թե՞ այլ կերպ, բայց կարևոր է, որ հայ-իրանական սահմանի վրա կապը չխաթարվի։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Իրանի և Եվրասիայի ուսումնասիրությունների ինստիտուտի փորձագետ, իրանցի քաղաքագետ Ղոդրաթոլլահ Շաֆիեն։
Նա պարզաբանել է, որ դա չափազանց կարևոր հարց է Իրանի համար, և Թեհրանը ցանկանում է վստահ լինել, որ այդ երթուղին չի փակի Իսլամական Հանրապետության հյուսիսային ճանապարհը։
Փորձագետը հավելել է, որ հաշվի առնելով, որ իրանա-ադրբեջանական հարաբերությունները օրեցօր վատթարանում են, Իրանը կարծում է, որ վաղ թե ուշ Եվրոպա տանող միակ ճանապարհը կանցնի Հայաստանի տարածքով։
Նրա գնահատմամբ՝ 2020 թվականի պատերազմից հետո Ադրբեջանն ինքը սկսել է սրել հարաբերությունները Իրանի, այնուհետև նաև՝ Ռուսաստանի հետ։ «Անխոհեմ և անտրամաբանական է, որ Իրանի և Ռուսաստանի համեմատ Ադրբեջանի նման փոքր երկիրը որոշի միաժամանակ սրել հարաբերությունները երկու շատ կարևոր հարևանների հետ։ Հետևաբար, դրա հետևում կարող են կանգնած լինել այլ ուժեր»,- ընդգծել Շաֆիեն։ Նա չի բացառեկ, որ դա Թուրքիայի, Իսրայելի կամ Միացյալ Նահանգների ճնշման արդյունք է։
Քաղաքագետը նշել է, որ որքան վատանան Թեհրանի և Բաքվի միջև հարաբերությունները, այնքան Իրանը կձգտի Հայաստանի հետ մերձեցման։