Логотип

Հայտնի է` երբ ՍԴ-ն կքննի ՀԷՑ-ի վերաբերյալ հրատապ ընդունված օրենքների սահմանադրականությունը

Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը որոշել է, որ «Էներգետիկայի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի «գ» ենթակետի, 27-րդ հոդվածի 2.1-ին և 2.2-րդ մասերի, 52-րդ հոդվածի, 52.1-ին հոդվածի և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքի 36-րդ հոդվածի 9-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործն ընդունել քննության:

Ինչպես հայտնում են ՍԴ–ից, այն քննության կդրվի դեկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին:

Նշենք, որ ընդդիմադիր պատգամավորները Սահմանադրական դատարան են դիմել ոչ միայն ՀԷՑ-ի վերաբերյալ իշխանական խմբակցության ընդունած օրենքները հակասահմանադրական ճանաչելու հարցով, այլև միջնորդել են կասեցնել օրենքի գործողությունը, մինչև Բարձր դատարանը գործով որոշում կկայացնի: Սահմանադրական դատարանը 2 ամիս անց նոր որոշել է քննության առնել դիմումը։

Հայտը ՍԴ–ն ընդունել է Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա։

«Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասի գործով զեկուցող նշանակել Սահմանադրական դատարանի դատավոր Ա. Վաղարշյանին»,–ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ գործի դատաքննությունը կանցկացվի գրավոր ընթացակարգով: Սույն գործով որպես պատասխանող կողմ դատավարությանը ներգրավվում է Ազգային ժողովը:

Sputnik Արմենիա