Հուլիսի 18-ից ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ նշանակված ՔՊ-ական Ռոմանոս Պետրոսյանը մոտ 5.2 միլիոն դրամ աշխատավարձ է ստանում, գրում է «Հրապարակ» թերթը։ Ռոմանոս Պետրոսյանին բարձր աշխատավարձ վճարելու պարտավորությունը, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ, դրվել է ՀԷՑ-ի սեփականատիրոջ` Սամվել Կարապետյանի ուսերին։
Թերթը համեմատության համար հիշեցնում է, որ Պետական վերահսկողական ծառայության՝ ՊՎԾ պետի պաշտոնում, Ռոմանոս Պետրոսյանը ստանում էր 790 հազար դրամ աշխատավարձ։
«ՀԷՑ մտնելուց առաջ նա հայտարարեց, թե` հանուն Հայաստանի հանրապետության է գնում ՀԷՑ, իբր այն առողջացնելու նպատակով, և բոլորը մտածեցին, որ դա անշահախնդիր աշխատանք է լինելու` հանուն պետության: Իրականում ամեն օր ավելի ենք համոզվում, որ Նիկոլ Փաշինյանը պարզապես ՀԷՑ-ը իր սեփականատիրոջից խլելու մտադրություն ուներ, իսկ Ռոմանոս Պետրոսյանն էլ` թվանոց աշխատավարձ ստանալու ցանկություն»,–գրում է թերթը:
Նշվում է, որ հսկա կառույցը ընտրություններից առաջ արագորեն ՔՊ-ականացվում է: «Իշխանությունը որոշել է Սամվել Կարապետյանին բանտում պահել, նրա հաշվին մեծ խումբ ՔՊ-ականների բարձր վարձատրվող աշխատանքով ապահովել և ՀԷՑ-ի մոտ 7000 աշխատակիցների ներուժը իշխանության օգտին օգտագործել»,–ասվում է հոդվածում։
Sputnik Արմենիա