Логотип

«Մեղք գործելը սարսափելի չէ, մեղքի մեջ մնալն է սարսափելի». Հովնան Սրբազանն արձագանքում է Տեր Արամին

Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Ասատրյանը երեկ հարցազրույց էր տվել Հանրային հեռուստաընկերությանը, Հայ առաքելական սուրբ եկեղեցու հոգևոր առաջնորդների մասին ինչ-որ հայտարարություններ արել, անդրադարձել էր նաև Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանին ու ասել, թե, իբր, Գուգարաց թեմի հոգևորականներն, առանց Հովնան Սրբազանին տեղյակ պահելու, իրավունք չունեն Երևան գալու։

Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանն Aysor.am-ի հետ զրույցում հայտարարեց՝ Տեր Արամը չի տիրապետում եկեղեցական կարգուկանոնին, ի՞նչ անդրադառնա նրա «մտքի գոհարներին»։

«Աշխարհիկ ցանկացած կառույցում, եկեղեցին մի կողմ թողնենք, կարո՞ղ է մեկն իր աշխատավայրը թողնել՝ առանց իր վերադասի արտոնությունը ստանալու։ Սա նշանակում է, որ եթե այդպիսի հաստատություն կա, ուրեմն այնտեղ բարդակ է, իսկ եկեղեցին դարերով սրբագործված ավանդություններ ու կարգուկանոն ունի, ու այս մարդը զարմանում է, որ նման բան կա, այն էլ՝ 21-րդ դարում»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց Սրբազան Հայրը։

Հովնան Սրբազանը պնդեց՝ Մայր Աթոռում ու, ընդհանրապես, եկեղեցում ստիպել հասկացություն չկա, ինչպես հայտարարել էր Տեր Արամը, երբ ասել էր, թե, իբր, Մայր Աթոռից ստիպում էին, որ եկեղեցականները գնան ընդդիմության ցույցերին։

«Ցանկացած հոգևորականի կարող է առաջարկ լինել, բայց ստիպել՝ բացառվում է»,-ասաց Գուգարաց թեմի առաջնորդը։

Ի՞նչ է կարծում՝ Տեր Արամը կշարունակի՞ ծառայել եկեղեցում՝ Հովնան Սրբազանն արձագանքեց. «Հարցը, որ գա կարգապահական հանձնախումբ, եթե մարդն անկեղծ զղջա, դարձի գա, հնարավորություն միշտ էլ տրվում է։ Աստվածաշնչյան խոսք կա, ասում է՝ Աստված երբեք չի ցանկանում մեղավոր մարդու մահը, մեղք գործելը սարսափելի չէ, մեղքի մեջ մնալն է սարսափելի, որովհետև բոլոր մարդիկ էլ մեղավոր են, մարդը ենթակա է մեղք գործելու, բայց մեղքի մեջ խարխափելն է ամենամեծ մեղքը»։