Логотип

Արագածոտնի թեմը արձագանքել է Հ1-ի եթերում Արամ քահանայի աղմկահարույց հարցազրույցին

Սեպտեմբերի 16-ին Հովհաննավանքի հոգևոր հովիվ Արամ քահանա Ասատրյանի հետ Հ1-ի հարցազրույցի նպատակն էր օգտագործել հոգևորականին իշխանության նախաձեռնած հակաեկեղեցական արշավին աջակցելու և Հայ առաքելական սուրբ եկեղեցին վարկաբեկելու համար: Իր առջև դրված պահանջը Արամ քահանան «հնազանդությամբ» կատարել է: Նման հայտարարություն է տարածել Արագածոտնի թեմի մամլո դիվանը։

Նշենք, որ Արամ քահանան Հանրային հեռուստաընկերության եթերում մի շարք աղմկահարույց հայտարարություններ էր արել` այդ թվում ասելով, թե 2021թ–ին ընդդիմության կազմակերպած բոլոր հանրահավաքներին մասնակցել է ստիպողաբար։ Նա Արագածոտնի թեմի առաջնորդին մեղադրել էր իրեն հալածելու մեջ։ Ըստ Արամ քահանայի` պատճառը քաղաքական է. իրեն կասկածում են «փաշինյանական լինելու մեջ»։ Նա նաև հայտարարել էր, որ հոգևորականների գրառումները սոցցանցերում գրաքննվում են․ կա հատուկ մարմին, որը լծված է կոնկրետ այդ աշխատանքին։ Ըստ նրա՝ տարիներ առաջ հոգևորականներից մեկը կարգալույծ արվեց նախկին իշխանություններին նզովելու համար, սակայն այսօր խրախուսվում է նզովող հոգևորականը։ Տեր Արամը նաև հայտարարել էր, որ բոլոր այն հոգևորականները, որոնք կատարում են Քրիստոսի խոսքը, խնդիրներ են ունենում։

«Ինչ վերաբերում է Արամ քահանա Ասատրյանի` հարցազրույցի ժամանակ հնչեցրած անհիմն և կեղծ մեղադրանքներին ու բամբասանքներին` նշենք, որ եկեղեցու հոգևորականաց դասը, անկախ իր նվիրապետական աստիճանակարգությունից, միմյանց և հավատացյալ հոտի նկատմամբ մշտապես դրսևորում են Քրիստոսի Ավետարանի սերն ու հոգածությունը: Եկեղեցում տիրապետող է ոչ թե վախի, այլ սիրո, ներողամտության, հնազանդության, մարդասիրության և աստվածասիրության ոգին»,– ասված է հայտարարությունում։

Արագածոտնի թեմը նշել է, որ եկեղեցականներն առաջնորդվում են նվիրական կարգուկանոնով և ծառայասիրության բարձր գիտակցությամբ` եկեղեցու սրբությունը վեր դասելով սեփական հավակնություններից և կամայականություններից: Եկեղեցին և եկեղեցականներն առանց այս երկու հիմանսյուների, այն է` սիրո և կարգապահության, չեն կարող ծառայել Քրիստոսի Սուրբ Ավետարանին և հավատավոր ժողովրդին:

Հիշեցնենք` սեպտեմբերի 10-ին` ԱԺ–կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը նշել էր, թե վերջին օրերին տեղեկություններ են տարածվել, որ Հովհաննավանքի հոգևոր հովիվ տեր Արամը հնարավոր է` կարգալույծ արվի, քանի որ նրա հարցը Մայր աթոռի կարգապահական հանձնաժողովի օրակարգում է։ Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ պատճառն այն է, որ քահանան հրապարակայնորեն, նաև սոցիալական ցանցի իր էջում քննադատել է եկեղեցում առկա արատավոր երևույթները։

Արագածոտնի թեմը արձագանքել էր այս թեմային` պարզաբանելով, որ աղմուկը սկսվել է հոգևորականի կողմից մկրտության արարողության կատարման ընթացքում թույլ տրված ծիսական կարգի աղճատման և դրսևորված կամայականության փաստից։

Տեր Արամ քահանա Ասատրյանը սոցիալական ցանցերի իր էջերում մի քանի անգամ բարձրաձայնել է եկեղեցու ներքին խնդիրները։

Sputnik Արմենիա