«Գյումրու օր» տոնակատարությունը չի չեղարկվել։ Այս մասին սոցցանցում հայտարարություն է տարածել Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։
Ինչպես հայտնել ենք, ավելի վաղ տեղեկություն էր տարածվել տոնի չեղարկման հետ կապված։ Նշվել էր, որ քաղաքապետ Վարդան Ղուկասյանի առաջարկով հարցը հանվել է ավագանու օրակարգից։
«Տոնի հետ կապված որոշ հարցերը ժամանակավորապես հետաձգվել են միայն այն պատճառով, որ Քաղաքապետարանի Մշակույթի բաժինը չի ներկայացրել ամբողջական ֆինանսական հաշվետվություն։ Մշակույթի բաժնի պետն արդեն իսկ նկատողություն է ստացել։ Հաշվի առնելով բնակիչների ակնկալիքները և ավանդույթները՝ տոնը անպայման տեղի կունենա, և քաղաքը իր ավանդական տոնախմբությամբ կնշի «Գյումրու օրը» »,– ասել է Ղուկասյանը։
Նշենք, որ Գյումրու ավագանուն ներկայացված նախագծում նշված չէ, թե քաղաքի օրվա տոնակատարությունը կոնկրետ երբ է կայանալու։ Նախագծում ներկայացված է միայն ծախսը` 6 միլիոն դրամ։
Ի դեպ, այդ գումարից 4 միլիոնը նախատեսված է բեմական սարքավորումների վարձակալության, լուսաձայնային տեխնիկայի վարձակալության, սպասարկման, իսկ 2 միլիոնը` նվագախմբերի, բենդերի, մենակատարների, արտիստների, հաղորդավարների վարձատրության, ծառայությունների մատուցման, գովազդատեղեկատվական նյութերի պատրաստման, տպագրական և այլ չնախատեսված ծասերի համար։
Sputnik Արմենիա