Նիդեռլանդները 14 միլիոն եվրո կհատկացնի ԼՂ փախստականներին մատչելի բնակարաններով ապահովելու համար։ Այս մասին X–ի իր միկրոբլոգում հայտնել է Նիդեռլանդների ԱԳ նախարար Դավիդ Վան Վելը` անդրադառնալով Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը:
«Նիդեռլանդները 14 միլիոն եվրո հատկացրեց «Արտոնյալ ֆինանսավորման գլոբալ գործիքի հիմնադրամի» միջոցով Լեռնային Ղարաբաղի փախստականներին մատչելի բնակարաններով ապահովելու համար»,– գրել է Նիդեռլանդների արտգործնախարարը։
Նշենք, որ ՀՀ ԱԳՆ–ն այս հանդիպման արդյունքներով տարածած հաղորդագրության մեջ նշել է, որ Նիդեռլանդներ կատարած այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու Դավիդ Վան Վելը մտքեր են փոխանակել ակտիվ քաղաքական երկխոսությանը զուգահեռ տնտեսական համագործակցության, գործարար կապերի ընդլայնման հնարավորությունների շուրջ։ Հաղորդագրության մեջ ասվում է, որ նախարար Միրզոյանը բարձր է գնահատել առևտրային կարողությունների զարգացմանն ու եվրոպական շուկա մուտքի ընդլայնման համար Նիդեռլանդների աջակցությունը, ինչպես նաև Համաշխարհային բանկի «Արտոնյալ ֆինանսավորման գլոբալ գործիքի հիմնադրամի» շրջանակներում ՀՀ-ին հավելյալ ֆինանսական հատկացումը։
Սակայն ՀՀ ԱԳՆ–ն չի հստակեցրել, թե գումարը կոնկրետ ինչի համար է հատկացվում։
Sputnik Արմենիա