Логотип

Հայ դատ․ ԱՄՆ կոնգրեսականները պահանջում են պատժամիջոցներ սահմանել ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ

Կոնգրեսական Դինա Տայթուսը (Դ-Նևադա) և Գաս Բիլիրաքիսը (Հանրապետական, Ֆլորիդա) ներկայացրել են «Ադրբեջանի պատժամիջոցների վերանայման մասին» 2025 թվականի օրենքը (H.R.5369)։ Այս երկկուսակցական օրինագիծը պարտադրում է ԱՄՆ գործող վարչակազմին ուսումնասիրել «Գլոբալ Մագնիցկու մարդու իրավունքների հաշվետվողականության մասին» օրենքով նախատեսված պատժամիջոցների կիրառելիությունը ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ, ովքեր պատասխանատու են պատերազմական հանցագործությունների, մարդու իրավունքների խախտումների և հայ ռազմագերիների ու քաղաքացիական պատանդների շարունակվող անօրինական բանտարկման համար, հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA):

Օրինագծի նախաբանում ընդգծվում է Ադրբեջանի կատարած հանցագործությունների պատմությունը, ներառյալ՝ 2020 թվականի պատերազմը, 2023 թվականի Արցախում իրականացված էթնիկ զտումը, հայ գերիների շարունակվող անօրինական բանտարկումները, խոշտանգումները և կեղծ դատավարությունները։

«Ադրբեջանի կողմից ռազմագերիների և քաղաքացիական անձանց շարունակվող բանտարկումները, խոշտանգումները, արտադատարանական սպանությունները և մարդու իրավունքների այլ լուրջ խախտումները լուրջ կասկածի տակ են դնում նրանց հանձնառությունը մարդու իրավունքներին և արդար, կայուն խաղաղության պայմանագրի բանակցելու կարողությունը», – ասված է փաստաթղթի մեջ:

Կոնգրեսական Տայթուսը, հիշեցնելով Լաչինի միջանցքի փակման ու Արցախի շրջափակման մասին, հայտարարել է, որ ժամանակն է, որ Ալիևն ու նրա աջակիցները պատասխանատվություն կրեն՝ «փոխարենը նրանց զինելու և ներդրումային պայմանագրերով պարգևատրելու»։

Կոնգրեսական Բիլիրաքիսը հավելել է, որ ամերիկացի հարկատուների գումարները չպետք է ուղղվեն «դաժան ռեժիմի անդամներին աջակցելու համար, հատկապես այն դեպքում, երբ այդ միջոցները կարող են ծախսվել երկրի ներսում հրատապ առաջնահերթությունների վրա»։

Օրենսդրությունը պահանջում է, որ նախագահը 180 օրվա ընթացքում որոշի՝ արդյոք 50-ից ավելի ադրբեջանցի պաշտոնյաները, ներառյալ՝ բարձրաստիճան զինվորականներ, անվտանգության ծառայությունների ղեկավարներ, դատախազներ և դատավորներ, համապատասխանում են պատժամիջոցների կիրառման չափանիշներին՝ «Գլոբալ Մագնիցկու օրենքի» կամ Պետդեպարտամենտի հատկացումների մասին օրենքի 7031(c) բաժնի ներքո։

Հայ դատի հանձնախումբը ողջունել է այս նախաձեռնությունը՝ նշելով, որ այս կարևոր նախաձեռնությունը արդարության և հաշվետվության համարձակ հաստատում է Ադրբեջանի պատերազմական հանցագործություններին, մարդու իրավունքների խախտումներին:

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հարձակվել էր Արցախի վրա։ Ռազմական գործողությունների ավարտից հետո Արցախի ամբողջ բնակչությունը բռնի տեղահանվել էր։ Արցախից բռնի տեղահանված 100 632 քաղաքացի էր հասել ՀՀ։

Armenia Today