Логотип

Դմիտրի ԺՈՒՐԱՎԼՅՈՎ․ ԿՈՎԿԱՍԻ ՇԱՏ ԽՆԴԻՐՆԵՐ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ՄԻՋԱՄՏՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔ ԵՆ

Քաղաքագետ, ՌԴ կառավարությանն առընթեր ֆինանսական համալսարանի դոցենտ և գիտությունների թեկնածու Դմիտրի Ժուրավլյովը Alpha News-ին տված հարցազրույցում մեկնաբանել է՝ ինչի կարող է հանգեցնել Հարավային Կովկասի տարածաշրջանում Լոնդոնի և ԱՄՆ-ի շահերի բախումը։

Մեկնաբանելով տեղեկությունը, որ Մեծ Բրիտանիան հայտարարել է Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերության մասին, փորձագետը նշել է, որ դրանով բրիտանացիներն ուզում են վերադարձնել այն դիրքը, որն ունեցել են Հարավային Կովկասում գրեթե ողջ 19-րդ դարի ընթացքում։

«Կովկասի շատ խնդիրներ Մեծ Բրիտանիայի միջամտության հետևանք են։ Հիմա Բրիտանիան պարզապես ցանկանում է վերակենդանացնել իր դերն աշխարհում և, մասնավորապես, Հարավային Կովկասում։ Դրա համար ռեսուրսը բավարար չէ, բայց փոխարենը հմտությունները շատ են։ Նրանք կարողանում են իրար դեմ հանել, խաբել, շփոթեցնել, նրանք այս հարցում փայլուն մասնագետներ են։ Եվ այդ պատճառով բրիտանացիներն այնտեղ հիմա շատ ակտիվ են»,- ասել է փորձագետը։

Նրա խոսքով՝ Բրիտանիայի և ԱՄՆ-ի շահերն այժմ չեն համընկնում, հատկապես հիմա, քանի որ Թրամփն ունի մեկ ռազմավարություն, անգլիացիները՝ մեկ այլ, և այնտեղ ընդհանուր բան գտնելը շատ դժվար է։

«Կարծում եմ՝ Հարավային Կովկասում ինտրիգները բազմապատիկ կավելանան։ Այսինքն, անգլիացիները կխանգարեն ամերիկացիներին, ամերիկացիներն՝ անգլիացիներին։ Ցավոք, դա բացասաբար կանդրադառնա մարդկանց վրա, քանի որ միմյանց խանգարելով՝ նրանք հարված կհասցնեն հարավկովկասյան երկրների տնտեսական և սոցիալական իրավիճակին»,- եզրափակել է Ժուրավլյովը։

Alpha News