Թրամփի ստորագրությունը ոչինչ չի նշանակում նույնիսկ Լոնդոնի համար
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.
«2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում մի շարք փաստաթղթերի, մասնավորապես, այսպես կոչված «Թրամփի երթուղու» (TRIPP) ստեղծման մասին հռչակագրի ստորագրումից հետո, որը «Զանգեզուրի միջանցքի» քողարկված անվանումն է, Հայաստանի, Ռուսաստանի և այլ երկրների որոշ փորձագետներ նշում էին, որ դրանով Դոնալդ Թրամփը «Մեծ Բրիտանիայի ձեռքից խլել է ոչ թե պարզապես «Զանգեզուրի միջանցքի», այլ Միջին միջանցքի նկատմամբ վերահսկողությունը», կամ, ինչպես կասեր Նիկոլ Փաշինյանը, «Թուրանի ճանապարհի» նկատմամբ վերահսկողությունը։
Եթե ելնենք այս տրամաբանությունից, ապա պետք է նշել, որ ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև օգտակար հանածոների վերաբերյալ գործարքի ստորագրումից հետո, որի շրջանակում Վոլոդիմիր Զելենսկին ամերիկացիներին է հանձնել Ուկրաինայի ընդերքները, ԱՄՆ-ի կողմից «Զանգեզուրի միջանցքը» վերահսկողության տակ առնելու փորձը Վաշինգտոնի և Լոնդոնի երկրորդ խոշոր բախումն է նախկին ԽՍՀՄ տարածքում։ Բանն այն է, որ ուկրաինական մի շարք աղբյուրներ հայտնել էին, որ 2025 թվականի հունվարին Լոնդոնի և Կիևի միջև ստորագրված «Ուկրաինայի և Միացյալ Թագավորության միջև հարյուրամյա գործընկերության մասին համաձայնագիրը» ներառում էր մի շարք չհրապարակված դրույթներ՝ կապված Ուկրաինայի ընդերքի նկատմամբ վերահսկողության հետ։ Սակայն ապրիլի 9-ին ԱՄՆ-ը և Ուկրաինան նոր պայմանագիր են ստորագրել, որով ուկրաինական ընդերքը անցել է ամերիկացիներին։ Վաշինգտոնն, ըստ երևույթին, ցանկանում էր նմանատիպ մի բան էլ կրկնել նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում։
Սակայն Լոնդոնը «պատասխան հարված է հասցնում». անցյալ շաբաթ Մեծ Բրիտանիան հայտարարել է Ադրբեջանի հետ հարաբերությունների մակարդակը մինչև ռազմավարական գործընկերության բարձրացնելու մասին։ Այդ մասին հայտարարել է Եվրոպայի հարցերով բրիտանացի նախարար Սթիվեն Դոութին, որն այցելել էր Բաքու և հանդիպել Իլհամ Ալիևի հետ։ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման ընթացքում Դոութին քննարկել է տնտեսական զարգացման և անվտանգության ոլորտում փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները՝ նշելով «Ադրբեջանի առանցքային դերը տարածաշրջանային կայունության և բարգավաճման ապահովման գործում»։
Բրիտանիան «թիկունքից է մոտենում» և փորձում է ամբողջական վերահսկողություն հաստատել Երևանի և Բաքվի կառավարությունների վրա՝ «թուրանական ճանապարհի» վրա ամերիկյան գործոնը չեզոքացնելու համար։ Այլ կերպ ասած, մենք կարող ենք արձանագրել, որ բացի ակնհայտ տարածաշրջանային հակամարտությունից, որը հրահրում է Երևանը՝ հանձնելով իր տարածքով հաղորդակցությունների վերահսկողությունը ոչ տարածաշրջանային խաղացողի, ինչը հակասում է ոչ միայն Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքներին, այլև սպառնալիք է պարունակում Իրանի և Ռուսաստանի համար, ինչպես նաև տարածաշրջան է բերում ոչ տարածաշրջանային խաղացողների (այս դեպքում՝ Լոնդոնի և Վաշինգտոնի) հակասությունները։
Հայաստանը վստահ քայլերով գնում է համաշխարհային քաղաքականության «բարձրագույն լիգա» մտնող մի շարք սուբյեկտների շահերի և հակասությունների բախման տարածաշրջանային հարթակ դառնալու ճանապարհով։
Մտածե՛ք այդ մասին․․․»։