Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ) ավարտում է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) Մաքսային օրենսգրքում փոփոխություններ կատարելու աշխատանքները, հույս ունի մինչև այս տարվա վերջ դրանք ուղարկել ներպետական համաձայնեցման կազմակերպության անդամ երկրներ: Այս մասին հայտնել է ԵՏՀ մաքսային համագործակցության հարցերով նախարար Ռուսլան Դավիդովը։
«Հուսով ենք՝ կհաջողվի հաղթահարել կողմերի միջև վերջին տարաձայնությունները և մինչև այս տարեվերջ արդեն ուղարկել թվով մոտ 600 փոփոխությունների փաթեթը ներպետական ընթացակարգերով համաձայնեցման։ Նոր օրենսդրությունն առաջին հերթին ուղղված կլինի ապրանքների շարժի արագացմանը, բիզնեսի վարման պայմանների հեշտացմանը», – Դավիդովի խոսքը մեջբերում է ԲելՏԱ գործակալությունը։
Ընդհանուր առմամբ նա նշել է, որ ԵԱՏՄ երկրների մաքսատներն արագ տեմպերով գնում են թվայնացման` բոլոր փաստաթղթերը, ընթացակարգերը, գործառնությունները թվային ոլորտ տեղափոխման ճանապարհով:
«Մենք պետք է հասնենք այդ թվայնացման ստանդարտների, ձևաչափերի և տեմպերի որոշակի միասնականացման», – նշել է Դավիդովը:
Նա նաև կարևոր խնդիր է համարել աշխարհում լավագույն փորձն օգտագործելը, բիզնեսի հետ փոխգործակցությունը և ընդգծել, որ թվայնացումը, բացի ընթացակարգերի պարզեցումից, նաև ենթադրում է ռիսկերի կառավարման համակարգ: ԵՏՀ նախարարը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ բեռների տեղաշարժը վերահսկելու համար շատ պետություններ արդեն կիրառում են արհեստական բանականությունը։
Ըստ Դավիդովի` արդիական է նաև արտաքին գործընկերների հետ հարաբերությունների կառուցման հարցը։
«Պետք է լինի տեղեկատվության փոխանակում, մատակարարման շղթաների թափանցիկություն։ Հասկանալի է, որ այսօրվա դրությամբ Արևմուտքից դա ակնկալել պետք չէ։ Ընդհակառակը՝ սահմանափակումներ, պատժամիջոցներ, սահմանների ապօրինի փակում։ Եվ այստեղ պետք է բոլորը մտածեն, թե ինչով կարելի է օգնել այս բարդ իրավիճակում, ինչպես մաքսային ընթացակարգերի հաշվին փոխհատուցել անօրինական պատժամիջոցները, հարթել իրավիճակը», – ասել է նա։
Բացի այդ, պետք է իրականացվեն նավիգացիոն կապարակնիքների կիրառման վերաբերյալ մի շարք համաձայնագրեր։ Նրա խոսքով` ընդունվել է Եվրասիական մաքսային տարանցման միասնական համակարգի մասին համաձայնագիրը՝ երրորդ երկրների միանալու հնարավորությամբ։
Sputnik Արմենիա