«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը մասնակցելու է 2026 թվականին կայանալիք խորհրդարանական ընտրություններին։ Նա այդ մասին հայտնել է News.am-ի թղթակցին։
«Պատրաստվում եմ, այո՛»,–ասել է նա։
Լրագրողը հետաքրքրվել է` ի՞նչ ձևաչափով է լինելու մասնակցությունը` դաշինքո՞վ, թե՞ կուսակցությամբ։
«Ասել եմ, որ բոլոր կուսակցություններն իրենց վաղեմության ժամկետը (կորցրել են. խմբ), վստահությունը չկա, էս վիճակից երկիրը հանելու համար ո՛չ այդպիսի մարդ կա, ո՛չ էլ այդպիսի կուսակցություն։ Պետք է համախմբում լինի գաղափարի, ծրագրի շուրջ։ Լինելու է առաջարկ Հայաստանին։ Կարող է` մարդը քաղաքականությամբ չզբաղվի, բայց ցանկություն ունենա, որ մեր երեխաները, մեր թոռներն այս խեղճացած, պարտված իրավիճակից դուրս գան։ Անհնարին ոչինչ չկա։ Ոչ թե պետք է դատարկ–դատարկ խոսել, այլ լիարժեք ծրագիր, գործ իրականացնել»,– պատասխանել է Ծառուկյանը։
Նրա խոսքով` լինելու է նոր թիմ։
Հիշեցնենք, որ ՀՀ–ում խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7–ին։
Sputnik Արմենիա