Логотип

ՈՉ ՈՔ ՉԻ ՈՒԶՈՒՄ ՔԱՎՈՒԹՅԱՆ ՆՈԽԱԶ ԼԻՆԵԼ. Ի՞ՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ՔՊ-ՈՒՄ` ԸՍՏ ՎԵՐԼՈՒԾԱԲԱՆԻ

Որքան մոտենում են ընտրությունները, այնքան մեծանում է զոհաբերությունների, քավության նոխազների միջոցով սեփական վարկանիշային խնդիրները լուծելու անհրաժեշտությունը. Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք է հայտնել քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը` մեկնաբանելով իշխող կուսակցության ներսում վերջին շրջանում տեղի ունեցող բախումները։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՔՊ վարչությունը Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի դիմումի հիման վրա «Քաղպայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի նկատմամբ ապրիլ ամսին հարուցել է կարգապահական վարույթ, որի արդյունքում Սարգսյանին հայտարարվել է խիստ նկատողություն։ Հարցի քվեարկությունից առաջ Հայկ Սարգսյանը դիմում է ներկայացրել Ալեն Սիմոնյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին, սակայն ՔՊ վերահսկող հանձնաժողովն Ալեն Սիմոնյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմքեր չի հայտնաբերել։

«Շահերի բախման այս վիճակը, ներքին մրցակցությունը բնորոշ է թերևս ցանկացած իշխանության, բայց այդ երևույթը առավել սուր դրսևորումներ ստանում է, երբ իշխանությունը էապես սերտաճում է կապիտալի, բիզնես շահերի հետ։ Իսկ մենք գիտենք, որ 2018-ից հետո ձևավորված, այսպես ասած, հեղափոխական իշխանությունը, հատկապես վերջին տարիներին, շատ արագ վերածվեց, կապիտալի իշխանության»,– նկատում է Բադալյանը` հավելելով, որ պայքարն առաջիկայում էլ ավելի կթեժանա նախընտրական ցուցակներում առանցքային դերի համար։

«Իշխանության ներսում շատ լավ պատկերացնում են, որ խնդիրները, որ ունեն իրենք և ունի նաև ՔՊ–ի առաջնորդը Նիկոլ Փաշինյանը, վարկանիշային են։ Ուստի մեծ հավանականությամբ կարող է առաջանալ ինչ-որ զոհաբերությունների, այսպես ասենք`քավության նոխազների միջոցով վարկանիշային այդ խնդիրները փոխհատուցելու անհրաժեշտություն։ Եվ, որովհետև ոչ ոք չի ուզում դառնալ քավության նոխազ, լինել զոհաբերվող, կփորձեն իշխանության ներսում իրենց մրցակիցներին մոտեցնել այդ զոհասեղանին»,– ասում է վերլուծաբանը։

Հակոբ Բադալյանի գնահատմամբ` տեղի ունեցածը դժվար է համարել ժողովրդավարության դրսևորում, հատկապես, որ, նրա խոսքով, Հայաստանի որևէ կուսակցությունում, առավել ևս իշխող ուժում, ժողովրդավարության մասին խոսելն անգամ ավելորդ է։

Մեկնաբանությունները, թե «Քաղպայմանագրի» ներսում այսօր ձևավորվել են թևեր, որոնք ունեն իրենց լիդերները, Հակոբ Բադալյանը չի վիճարկում` նշելով, որ այդ գործընթացը անխուսափելի է և բնորոշ ցանկացած իշխող համակարգի։

Իսկ թե ինչու Ալեն Սիմոնյանի և Հայկ Սարգսյանի միջև դեռ ապրիլին ծագած վիճաբանության մասին տեղեկությունները միայն այսօր դարձան հրապարակային, Հակոբ Բադալյանը դրանում ևս նկատում է նախընտրական գործոնի ազդեցությունը` հնարավոր «զոհաբերությունների» և «քավության նոխազների» համատեքստում։

Հավելենք, որ տարածված տեղեկությունների համաձայն` Հայկ Սարգսյանը կուսակցության վարչության նիստում պահանջել է, որ Ալեն Սիմոնյանին հեռացնեն կուսակցությունից։ Խնդիրը նրանում է, որ երբ Հայկ Սարգսյանը օրենքի նախագիծ է գրել բուքմեյքերական ընկերությունների հարկերը բարձրացնելու համար, Ալեն Սիմոնյանը բարկացել է, քանի որ, ըստ ԶԼՄ–ների, խաղադրույք ընդունող ընկերությունից ՀՀ ԱԺ նախագահը ֆինանսական շահ ունի։

Sputnik Արմենիա