ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների կոմիտեն քննարկել է H.R.5300 օրինագիծը, որը սահմանում է Պետդեպարտամենտի աշխատանքային ուղղությունները 2026 թվականի համար։ Քննարկման ընթացքում հաստատվել են Հայաստանին և Հարավային Կովկասին վերաբերող ուղղումներ։
Վերջնական տարբերակում ներառվել են դրույթներ՝ ուղղված հայ ռազմագերիների ազատմանը, կրոնական և մշակութային ժառանգության պաշտպանությանը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց վերադարձի իրավունքի աջակցմանը։ Առանձին հաստատվել է Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականության և ռուսական Ս-400 համակարգերի օգտագործման մասին մանրամասն զեկույցի պատրաստման նախաձեռնությունը։
Միևնույն ժամանակ, մի շարք հայամետ նախաձեռնություններ մերժվել են։ Դրանց թվում են՝ Ադրբեջանին ռազմական օգնության արգելքը վերականգնելու առաջարկը, ինչպես նաև Թուրքիայում ծրագրերի ֆինանսավորումը սահմանափակելու մասին ուղղումը՝ մինչև Հայաստանի շրջափակման վերացումը, և Ադրբեջանում՝ մինչև բոլոր հայ ռազմագերիների ազատ արձակումը։
Ներկայումս H.R.5300 օրինագիծը և դրան ուղեկցող H.R.5299 օրինագիծն ուղարկվել են Ներկայացուցիչների պալատի ամբողջական կազմի քննարկմանը։
Alpha News