2023թ․ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի հարձակումից հետո արցախահայությունը մնացել էր միայնակ, Հայաստանի գործող իշխանությունները որևէ քայլ չձեռնարկեցին հետագա իրադարձությունները կանխելու համար։ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեց Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Դանիելյանը։
«Հայաստանի իշխանությունները մատները մատներին չտվեցին, ոչ մի գործողություն չձեռնարկեցին, որ տեղի չունենար այն, ինչ եղավ։ Նոյեմբերի 9-ի հայտարարությունը ՀՀ իշխանություններն են ստորագրել, այնտեղ կա 9 կետ, որ միայն մեզ չէր վերաբերում։ Նոյեմբերի 9-ից հետո ՀՀ իշխանությունները հանձնեցին Արցախի Հանրապետության տարածքի մեծ մասը, դրանով ապահովեցին Լաչինի միջանցքը՝ Հայաստանի հետ անխափան կապի համար»,- ասաց Դանիելյանը։
Նրա խոսքով՝ այս ամենից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Պրահայում ստորագրած փաստաթուղթը, որով նա Արցախը ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս, ինչպես նաև դրան հաջորդած հայտարարությունները պարզապես լեգիտիմացրին Ադրբեջանի գործողությունները։
Դանիելյանը շեշտեց՝ այն, ինչ տեղի ունեցավ 2023 թվականին, Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականության հետևանքն էր։
Sputnik Արմենիա