Логотип

Մամիջանյանը դիմել է Կալասին և Մարագոսին, որ Ադրբեջանում ԵՄ դեսպանն այցելի հայ գերիներին

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը դիմել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին և ՀՀ–ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին՝ խնդրելով, որ Ադրբեջանում ԵՄ դեսպան Մարիանա Կույունջիչն այցելի Բաքվում պահվող հայ գերիներին։ Նա այդ մասին հայտնել է ֆեյսբուքյան էջում։

«Հաշվի առնելով Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի փակումը՝ այսօր պաշտոնական նամակով դիմել եմ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին և ՀՀ–ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին՝ խնդրելով, որ Ադրբեջանում ԵՄ դեսպանն այցելի Բաքվում պահվող մեր գերիներին»,– գրել է նա։

Մամիջանյանը նշել է, որ իր նամակում ներկայացրել է Բաքվի բանտում մեր հայրենակիցներին սպառնացող վտանգները, բեմականացված դատավարությունները և մարդասիրական տեսանկյունից այդօրինակ այցելությունների կարևորությունը։

Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:

Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով:

Sputnik Արմենիա