ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի պաշտպանական կողմը որոշակի մտահոգություններ ունի դատական նիստին մասնակցող ռուսերենի թարգմանչի առումով, մասնավորաբար՝ այն պատճառով, որ այն ընկերությունը, որտեղ աշխատում է թարգմանիչ Վարդուհի Շահինյանը, համագործակցում է նաև իրավապահ մարմինների հետ։
Նշենք, որ Հակակոռուպցիոն դատարանում, նախագահությամբ դատավոր Սարգիս Պետրոսյանի, այսօր շարունակվում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործի քննությունը։ Նրանք անցնում են 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների գործով։
ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի համար դատական նիստի բովանդակությունը լիովին հասկանալի դարձնելու համար ներգրավված է ռուսերենի թարգմանիչ։ Դատական այս նիստի ժամանակ թարգմանիչը փոխվել է, ինչը մտահոգությունների պատճառ է դարձել։ Բանն այն է, որ նույն թարգմանիչը թարգմանություններ է իրականացրել նաև 2019թ–ին` այն ժամանակ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ անցկացվող դատական նիստերի ժամանակ։ Նույն մտահոգությունը նաև այն ժամանակ է հնչեցվել, քանի որ կրկին կար համագործակցություն իրավապահ մարմինների հետ և մտահոգություն, որ կարող է թարգմանիչն իրեն հայտնի դարձած տեղեկությունները փոխանցել իրավապահներին։ Թարգմանիչը բացարկ էր ներկայացրել, ինչը, սակայն, Դանիբեկյանը մերժել էր։
Նախագահող դատավոր Սարգիս Պետրոսյանը, արձագանքելով բարձրացված մտահոգություններին, նշեց՝ քանի որ բոլորը հասկանում են ռուսերեն, եթե թարգմանիչը որևէ բան սխալ թարգմանի, ապա դա շատ արագ կբացահայտվի։ Բացի այդ, ինչպես դատավորը նկատեց, Յուրի Խաչատուրովը որոշ չափով հասկանում է հայերեն, և ամբողջ դատական նիստը չէ, որ թարգմանելու կարիք է լինում, այլ միայն այն մասը, որը չի հասկանում։
ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, պատասխանելով դատավորին, նշեց՝ խնդիրը թարգմանության որակը չէ, այլ վստահությունը։
«Հարգելի՛ դատարան, մենք շատ մոտ ենք իրար նստած։ Ես փաստաբանի հետ եմ խոսում, ինքը (թարգմանիչը– խմբ․) լսում է, ես իր հետ եմ խոսում, փաստաբանն է լսում, բայց երբ ես փաստաբանի հետ եմ խոսում, հնարավոր է՝ կան բաներ, որ չէի ցանկանա՝ ինքը լսեր։ Այն ժամանակ էլ Մուշեղյանն (Հրաչյա Մուշեղյան, մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար, որն այժմ կալանավորված է–խմբ․) ինձ որպես վկա կանչեց Մոսկվայից, հետո դարձրեց մեղադրյալ, կալանավորեց։ Ու բոլորը ժպտում էին, ինքն էլ էր ժպտում, նա էլ էր ժպտում։ Ես ինչպե՞ս կարող եմ հիմա այդքան թեթև ու հանգիստ վերաբերվել այս գեղեցկուհի, լավ աղջկան։ Սիրտս չի բռնում, դրա համար ես այսուհետև ոչինչ չեմ ասելու, լռելու եմ։ Կխոսի փաստաբանը»,- ասաց Խաչատուրովը։
Դատարանը, հաշվի առնելով բարձրացված մտահոգությունները, որոշեց քննարկման առարկա դարձնել թարգմանիչ Վարդուհի Շահինյանին բացարկ հայտնելու հարցը։ Թարգմանիչն էլ իր հերթին միջնորդեց ինքնաբացարկի հարց քննարկել՝ ընդգծելով, որ եթե իր հանդեպ անվստահություն կա, ինքն էլ կաշկանդվածությամբ է աշխատելու։
Պաշտպանները ևս մեկ անգամ ընդգծեցին, որ իրենց անվստահությունը չի վերաբերում թարգմանիչ Վարդուհի Շահինյանի արհեստավարժությանը։
Դատարանը բավարարեց թարգմանչի ինքնաբացարկի միջնորդությունը և ազատեց նրան վարույթին մասնակցությունից։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ առանց թարգմանչի դատական նիստը հնարավոր չէ շարունակել, որոշում ընդունվեց այն հետաձգել։
Հաջորդ դատական նիստը կանցկացվի հոկտեմբերի 30-ին՝ 11։30-ին։
Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ու ԳՇ նախկին պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը մեղադրվում էին ՀՀ ՔՕ 300․1 հոդվածով (սահմանադրական կարգը տապալելը)։ ՀՀ ՍԴ-ն 2021 թ. մարտի 26-ին անվավեր և հակասահմանադրական ճանաչեց ՀՀ ՔՕ 300.1 հոդվածը, և նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց։
2021 թ. ապրիլի 6-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց Մարտի 1-ի գործով պաշտպանական կողմի միջնորդությունը` ՍԴ–ի որոշմամբ հակասահմանադրական ճանաչված 300․1 հոդվածով քրեական հետապնդումը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի ու ԳՇ նախկին պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ դադարեցնելու մասին։
Սեյրան Օհանյանն ու Յուրի Խաչատուրովն ընդհանրապես ազատվեցին քրեական հետապնդումից, քանի որ նրանք մեղադրվում էին միայն Քրեական օրենսգրքի 300․1 հոդվածով։ Դատարանը որոշեց նրանց նկատմամբ ընտրված խափանման միջոցները վերացնել, գույքի վրա դրված կալանքը հանել։
«Մարտի 1»-ի գործով ամբաստանյալներ Ռոբերտ Քոչարյանի ու Արմեն Գևորգյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց միայն վերոհիշյալ հոդվածով։
ՀՀ Սահմանադրական դատարանը հուլիսի 22-ի նիստում որոշեց, որ 1998 թ. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309.1-ին հոդվածի 3-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանը։ Ադպիսով դատախազությանը հնարավորություն է տրվում Ռոբերտ Քոչարյանի և մյուսների մեղադրանքը վերաորակել ու նորից սկսել գործի քննությունը։
Sputnik Արմենիա