Հայաստանի Հանրապետությունը աջակցում է Ղազախստան-Թուրքմենստան-Իրան-Հայաստան երթուղով մուլտիմոդալ բեռնափոխադրումների տրանսպորտային ուղի ստեղծելու նախագծին։ Ինչպես հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, այս մասին հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը` Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստում (հեռավար ձևաչափով), որին մասնակցել է նաև Ղազախստանի փոխվարչապետ, ազգային էկոնոմիկայի նախարար Սերիկ Ժումանգարինը։
Նիստի արդյունքներով երկու երկրների փոխվարչապետները ստորագրել են արձանագրություն, որում անդրադարձ է կատարվել երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերին, այդ թվում՝ համագործակցությանը առևտրատնտեսական, բարձր տեխնոլոգիաների, տրանսպորտի, տուրիզմի, առողջապահության և կրթության ոլորտներում:
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես կարևորել է Ղազախստանի հետ հարաբերությունների զարգացումը` այդ թվում ԵԱՏՄ համագործակցության շրջանկաներում և ընդգծել առևտրատնտեսական գործընկերության ոլոտում չիրացված մեծ ներուժը:
Գրիգորյանն ընդգծել է, որ զուգահեռաբար Չինաստան-Ղազախստան-Ուզբեկստան-Թուրքմենստան-Իրան-Հայաստան երթուղով արդեն իսկ իրականացվում են բեռնափոխադրումներ, ինչը վկայում է երկրների միջև տրանսպորտային և լոգիստիկ կապերի ընդլայնման նկատմամբ աճող հետաքրքրությունը։
«Ես կարծում եմ, որ այս բեռնափոխադրումները կարող են կրել կանոնավոր բնույթ, հատկապես հաշվի առնելով հայ ձեռնարկատերերի պոտենցիալ հետաքրքրությունը ղազախա-չինական սահմանին գտնվող «Խորգոս» միջսահմանային համագործակցության միջազգային կենտրոնի հնարավորությունների նկատմամբ»,-նշել է ՀՀ փոխվարչապետը։
Նա հավելել է, որ միջտարածաշրջանային տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացումը Հայաստանի համար հատկապես կարևոր է «Խաղաղության խաչմերուկ» ենթակառուցվածքային նախագծի իրականացման համատեքստում։
Գրիգորյանը վստահություն է հայտնել, որ Հայաստանը և Ղազախստանը կշարունակեն ամրապնդել իրենց գործընկերությունը՝ հիմնված երկու ժողովուրդների միջև վստահության, հարգանքի և բարեկամության վրա։
Sputnik Արմենիա