Логотип

ՀՀ իշխանությունները բաց են թողել ԼՂ հակամարտությունը լուծելու բազմաթիվ հնարավորություններ

Հայաստանը բաց է թողել Ղարաբաղյան հակամարտությունը լուծելու բազմաթիվ հնարավորություններ, և սա ԵԱՀԿ Մինսկի խմբի (ՄԽ) «եռյակի» մեղքը չէ։ Այս մասին ТАСС -ի հետ զրույցում հայտարարել է աղբյուրը՝ ի պատասխան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբին ուղղված կոշտ քննադատությանը։

«Համանախագահների եռյակի մեղքը չէ, որ վերջին քառորդ դարի ընթացքում ՀՀ իշխանությունները բաց են թողել հակամարտությունը լուծելու բազմաթիվ քաղաքական և դիվանագիտական հնարավորություններ այնպիսի պայմաններում, որոնց մասին Երևանն այժմ միայն կարող է երազել։ Միևնույն ժամանակ, մինչև վերջերս հենց ՀՀ–ում էին կտրականապես դեմ Մինսկի խմբի լուծարմանը», – նշել է գործակալության աղբյուրը։

Նա ընդգծել է, որ Փաշինյանի մեղադրանքները հստակ թիրախ չունեն։ «Հասկանալի չէ, թե վարչապետը կոնկրետ ո՞ւմ նկատի ուներ, երբ մեղադրում էր ԵԱՀԿ Մինսկի խմբին։ Դրա բոլոր 11 անդամների՞ն՝ Ադրբեջանին, Բելառուսին, Իտալիային, Ռուսաստանին, ԱՄՆ-ին, Թուրքիային, Ֆինլանդիային, Ֆրանսիային, Գերմանիային, Շվեդիային և հենց Հայաստանին, թե՞ պարզապես համանախագահների եռյակին՝ ԱՄՆ-ին, Ֆրանսիային և Ռուսաստանին», – շարունակել է աղբյուրը։

Նա նշել է, որ իրենց համատեղ աշխատանքի ընթացքում եռյակը «հետևողականորեն արտահայտել է միասնական դիրքորոշում և խոսել է մեկ ձայնով»։

«Համանախագահների մանդատն ադրբեջանա-հայկական խաղաղ բանակցությունների համար պայմաններ ստեղծելն էր, այլ ոչ թե՝ հակամարտության լուծումը։ Վերջինը հակամարտող կողմերի ճակատագիրն ու պատասխանատվությունն է։ Ոչ ոք չի կարող կատարել այս խնդիրը նրանց փոխարեն։ Միջնորդի պարտականությունն է օգնել հակամարտության կողմերին հասնել փոխադարձաբար ընդունելի փոխզիջման»,– ասել է աղբյուրը։

Սեպտեմբերի 10-ին Ազգային ժողովում Փաշինյանը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում երբեք ոչ մի օգտակար բանի չի հանգեցրել, և որ այս միջազգային մեխանիզմի աշխատանքն ուղղված էր «հակամարտության խորացմանը»։

ABC MEDIA