Հայաստանի պետական պարտքը 2025 թվականի առաջին կիսամյակում դոլարային արտահայտությամբ ավելացել է 7,9 %- ով՝ հասնելով 13,852 մլրդ դոլարի։ Այս մասին ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
«Պետական պարտքը 2025 թվականի առաջին կիսամյակում դրամային արտահայտությամբ աճել է 4,5 %-ով, դոլարային արտահայտությամբ՝ 7,9 %-ով։ Անվանական պետական պարտքը կազմել է 5,323 տրիլիոն դրամ, իսկ դոլարային արտահայտությամբ՝ 13,852 միլիարդ դոլար»,-մանրամասնել է Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ տոկոսային ցուցանիշների տարբերությունը պայմանավորված է 2024 թվականի վերջի և 2025 թվականի հունիսի 30-ի դրությամբ դոլարի նկատմամբ դրամի փոխարժեքների տարբերությամբ։
Հովհաննիսյանը հայտարարել է, որ պարտքն աճել է մոտ 1 միլիարդ դոլարով։
«Դա պայմանավորված է, մասնավորապես, մարտին 750 դոլար արժեքով եվրապարտատոմսերի խոշորածավալ թողարկմամբ», – նշել է նա:
Նախարարը հավելել է, որ ներքին պարտքն ընդհանուր ծավալով հասել է 52 %-ի։ ՀՀ դրամով պարտքը կազմում է 51 %, արտարժույթով՝ 49 %:
Նշենք, որ Հայաստանի պետական պարտքը մարտի 31-ի դրությամբ կազմել է 5 տրլն 318 մլրդ դրամ, ինչը 2024 թվականի վերջի ցուցանիշի համեմատ ավել է 4,4 %-ով։ Դոլարային արտահայտությամբ պարտքը հասել է 13,581 մլրդ դոլարի՝ 2025 թվականի առաջին եռամսյակում ավելանալով 5,8 %-ով։
Sputnik Արմենիա