2025 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի արտահանումն ու ներմուծումը կտրուկ նվազել են հիմնականում թանկարժեք մետաղների վերաարտահանման սխեմայի դադարեցման պատճառով։
Թանկարժեք մետաղների և ոսկերչական իրերի արտահանումը նվազել է 77%-ով՝ հասնելով 1,3 մլրդ դոլարի։ Հիմնական մասը հենց վերաարտահանումն էր՝ ԱՄԷ-ի միջոցով, որը փաստացի դադարել է աշխատել 2025 թվականի սկզբից։ Ընդ որում, տեղական ոսկերչական արտադրությունը շարունակում է գոյություն ունենալ, սակայն վիճակագրությունը այն վերաարտահանումից չի առանձնացնում։ Մեքենաների և սարքավորումների արտահանումը կազմել է 551,2 մլն դոլար՝ կրճատվելով 9,4%-ով:
Ավելի վաղ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը նշել էր, որ չնայած արտահանման կրճատմանը, բուն հայկական ապրանքների արտահանումն առաջին կիսամյակում 13%-ով աճել է։
Հիմա, երբ հրապարակվել են առանձին ապրանքախմբերը, նկատելի է, որ հայկական արտահանումն աճել է հիմնականում ոչ թե հումքային, այլ մշակող արդյունաբերության հաշվին։ Հանքարդյունաբերական արտադրանքի արտահանումն աճել է ընդամենը 4,7%-ով (բացարձակ թվերով կազմելով 516,3 մլն դոլար), մինչդեռ պատրաստի սննդամթերքի, ինչպես նաև ալկոհոլի և ծխախոտի արտահանումը՝ 31,9%-ով (550,8 մլն դոլար), քիմիական ապրանքների արտահանումը՝ 25,2%-ով (59 մլն դոլար): Գրեթե կրկնակի (86,8 տոկոսով) աճել է կոշիկի արտահանումը (41,1 մլն դոլար), իսկ տեքստիլի և հագուստի արտահանումը կրճատվել Է 12,1 տոկոսով՝ կազմելով 155,4 մլն դոլար։ Պտուղ-բանջարեղենի արտահանումն աճել է 36%-ով (բացարձակ թվերով կազմելով 146 մլն դոլար)։
Sputnik Արմենիա