Логотип

Հայտնի է, թե ովքեր են լինելու «Ավրորա» 2025-ի հերոսները

Հայտնի են «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության 4 հերոսների անունները, որոնց մեկը նոյեմբերի 1–ին կդառնա «Ավրորա» մրցանակի դափնեկիր։ Այս մասին տեղեկությունը հրապարակված է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության «Ֆեյսբուքի» էջում։

Նշվում է, որ «Ավրորա» մրցանակի դափնեկիրն այդ օրը կստանա 1 մլն ԱՄՆ դոլար պարգև՝ շարունակելու նվիրատվության շղթան։

2025թ․ «Ավրորայի» հերոսներն են Սալի Բեքերը (ՄԹ), Ջամալ Էլթայեբը (Սուդան), Զուհայր Լահնան (Մարոկկո), Ջիլ Սիմանը (ԱՄՆ/Հարավային Սուդան)։

Սալի Բեքերը մարդասիրական գործիչ է, որը Բոսնիայի և Կոսովոյի հակամարտությունների ժամանակ հարյուրավոր երեխաների է դուրս բերել պաշարված տարածքներից և հիմնել մանուկներին շտապ բուժօգնություն ցուցաբերող կազմակերպություններ:

Ջամալ Էլթայեբը բժիշկ է, որի ջանքերով 2023 թ․ ապրիլից` պատերազմի սրումից ի վեր, Օմդուրմանի «Ալ Նաո» հիվանդանոցը շարունակում է գործել Մեծ Խարթումի՝ որպես վերջին բուժկենտրոններից մեկը։

Զուհայր Լահնան մանկաբարձ–գինեկոլոգ է, որն ավելի քան երկու տասնամյակ աշխատում է հակամարտության և աղետներից տուժած գոտիներում՝ տրամադրելով բժշկական խնամք, վերապատրաստելով տեղի անձնակազմին և համակարգելով մարդասիրական օգնությունը:

Ջիլ Սիմանը բժիշկ է, որը համահիմնադրել է «Հարավային Սուդանի բժշկական օգնություն» կազմակերպությունը և ավելի քան երեք տասնամյակ շարունակում է կենսական բուժօգնություն տրամադրել հակամարտությունից տուժած Հին Ֆանգակում՝ տարեկան բուժելով մոտ 40․000 հիվանդի:

Նշենք, որ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության այս համաշխարհային մրցանակը բացահայտում է և աջակցում մերօրյա հերոսներին, որոնք շոշափելի դրական փոփոխություններ են իրականացնում այն համայնքներում, որտեղ ամենաշատը կա դրա կարիքը: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն արդեն օգնության ձեռք է մեկնել ծայրահեղ կարիքի մեջ գտնվող ավելի քան 3.2 միլիոն մարդու:

Sputnik Արմենիա