«Ժողովուրդ» օրաթերթի՝ իրավապահ համակարգին մոտ կանգնած լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ, ավելի քան 3 ամիս կալանքի տակ գտնվող գործարար-բարերար Սամվել Կարապետյանի խցում նոր փոփոխություններ են եղել։
Մեր տեղեկություններով՝ վերջերս Երևան-Կենտրոն քրեակատարողական հիմնարկ տեղափոխված «Նոր ֆոլկ» ընկերության գործով կալանավորված «Գազպրոմ Արմենիա»-ի նախկին ղեկավար, ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը սկզբում հենց Սամվել Կարապետյանի հետ նույն խցում էր։ Նման որոշման պատճառը եղել է իրավապահների հետաքրքրությունը՝ դիտարկել, թե արդյոք Կարապետյանի և Հարությունյանի միջև ծավալվող զրույցներից հնարավոր կլինի որևէ եզրահանգման գալ կամ նոր մանրամասների տիրապետել։
Նշենք, որ Վարդան Հարությունյանը երկար տարիներ Մոսկվայի «Գազպրոմ»-ում զբաղեցնում է բարձր պաշտոն, մտերիմ կապեր ունի նաև բարերար Սամվել Կարապետյանի հետ։ Սակայն իրավապահների հաշվարկները չարդարացան. երկու բարեկամներն էլ այնքան պատրաստված են եղել, որ խցում որևէ թեմա չեն քննարկել, որն առնչություն կունենար քննությանը կամ կհետաքրքրեր իրավապահներին։ Նրանց զրույցները, ինչպես նկարագրում են մեր աղբյուրները, սահմանափակվել են բացառապես կենցաղային մանրուքներով, ինչը իրավապահների համար արժեք չի ներկայացրել։
«Ժողովուրդ» օրաթերթը իր իրազեկ աղբյուրներից տեղեկացավ, որ այս իրավիճակում որոշում է կայացվել Վարդան Հարությունյանին տեղափոխել առանձին խուց՝ անիմաստ համարելով նրանց համատեղ անցկացրած օրերը։
Այսպիսով՝ «Տաշիր» ընկերությունների խմբի խորհրդի նախագահ Սամվել Կարապետյանը կրկին մենակ է մնացել ԱԱԾ մեկուսարանի իր խցում։
Իրավապահ համակարգի մեր աղբյուրները շեշտում են՝ այս փոփոխությունն անակնկալ չէր, քանի որ Սամվել Կարապետյանը շարունակում է պահպանել նույն կեցվածքը. խուսափում է որևէ խոսակցությունից, որը կարող է որևէ կերպ մեկնաբանվել քննիչների կողմից։