Логотип

ԱԱԾ տնօրենը Բաքու է տարել 10 ռազմագերու անուն, որոնց Հայաստանն ուզում է վերադարձնել

Բաքու կատարած այցի ընթացքում ԱԱԾ տնօրենն ադրբեջանական կողմին է փոխանցել ռազմագերիների ցուցակ` 10 անունից կազմված, որոնց հայկական կողմն ուզում է վերադարձնել հայրենիք` երկկողմ հարաբերությունների կարգավորման շրջանակներում։ Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը` հղում անելով իր վստահելի աղբյուրներին։

«Այդ անուններն են. Էրիկ Ղազարյան, Լևոն Բալայան, Դավիթ Ալավերդյան, Մելիքսեթ Փաշայան, Գարիկ Մարտիրոսյան, Վասիլի Բեգլարյան, Լյուդվիգ Մկրտչյան, Ալյոշա Խոսրովյան, Գուրգեն Ստեփանյան, Մադաթ Բաբայան»–գրում է թերթը:

Նշվում է, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության` Բաքվում դատվող և խոշտանգվող 8 պետական գործիչների ազատ արձակման և վերադարձի մասին Սիմոնյանը բառ անգամ չի արտասանել այս այցի ժամանակ:

«Բայց այս 10 հոգուն ազատ արձակելու դիմաց էլ ադրբեջանական կողմը հակընդդեմ ցանկ ու պայմաններ է դրել` պահանջել է ազատ արձակել Սիրիայի Արաբական Հանրապետության երկու քաղաքացու` Մուհռաբ Մուհամմադ ալ-Շխերիին և Յուսեֆ Ալաբեթ ալ-Հաջիին, որոնք, որպես վարձկան ահաբեկիչներ, մասնակցել են 2020 թվականի պատերազմին, բազմաթիվ սպանություններ են իրականացրել հայ քաղաքացիական խաղաղ բնակչության շրջանում և 2021 թվականին ցմահ ազատազրկման են դատապարտվել Հայաստանում»,–գրում է «Հրապարակը»։

Ըստ թերթի աղբյուրի` Անդրանիկ Սիմոնյանը համաձայնել է կատարել Ադրբեջանի պահանջը։

Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:

Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով:

Sputnik Արմենիա