Ռուսաստանը հայաստանցի դիմորդներին 280 քվոտա է հատկացրել՝ ռուսական բուհերում անվճար սովորելու համար։ Այս մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը։
Ինչպես նշեց Ֆեֆիլովը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խնդիր է դրել ռուսական բուհերում սովորող օտարերկրացիների թիվը հասցնել 500 000-ի։ Այժմ այդ թիվը կազմում է 415 000։
«Ռոսսոտրուդնիչեստվոն (Ռուսական տունը Հայաստանում) ՌԴ կառավարության քվոտաներով ռուսական բուհերում անվճար ուսուցման համար ընտրության գործընթացի առաջին փուլի օպերատորն է։ Մեզ մոտ սովորելու են գալիս 177 երկրներից», – ասաց նա։
Հայաստանի համար առանձին քվոտա է հատկացվում, որը պարբերաբար ավելացվում է։
«Նախորդ տարի, այս տարի և հաջորդ տարի 280 քվոտա էր։ Ամենաշատ պահանջված բուհերը Տնտեսագիտության բարձրագույն դպրոցն է, Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարանը (ՌՈւԴՆ), Կոսիգինի անվան համալսարանը (ստեղծագործական մասնագիտություններ), Պիրոգովի անվան համալսարանը և Սեչենովի անվան համալսարանը (բժշկական կրթություն)։ Ստեղծագործական մասնագիտությունների համար գնում են նաև Թատերական արվեստի պետական ինստիտուտ (ԳԻՏԻՍ) և Կինեմատոգրաֆիայի համառուսաստանյան պետական համալսարան (ՎԳԻԿ)», – ասաց Ֆեֆիլովը։
Նա նշեց, որ Հայաստանի մշակույթի, կրթության, գիտության և սպորտի նախարարությունը աջակցում է այս գործընթացին և օգնում է իրազեկել հանրությանը։
«Ռոսսոտրուդնիչեստվոյի» գլխավոր մասնագետ և փորձագետ Այգուլ Շամսուտդինովան իր հերթին հայտնեց, որ իրենք անձամբ են այցելում Հայաստանի տարբեր դպրոցներ, ներկայացնում ծրագրի մանրամասները, բացատրում են, թե ինչպես ընդունվել և օգնում լրացնել հայտերը։
Հաճախ նման կրթություն ստանալու հնարավորությունը օգնում է դպրոցականներին իրականացնել իրենց երազանքները։
«Մենք անընդհատ կապի մեջ ենք ուսանողների հետ։ Ընդունելության հետ ամեն ինչ չի ավարտվում, դա միայն սկիզբն է։ Վերջերս մենք տեսանյութ ստացանք Մեծ թատրոնի արտիստից, նա նաև ԳԻՏԻՍ–ի ուսանող է, մեր ծրագրով է ընդունվել», – ասաց Շամսուտդինովան։
Նա նշեց, որ քվոտան հնարավորություն է տալիս շարունակել ուսումը նաև մագիստրատուրայում և ասպիրանտուրայում։
Ծրագրի շրջանակում հայտերի ընդունումը մեկնարկել է սեպտեմբերի 15-ին և կավարտվի դեկտեմբերի 15-ին։ Դիմել կարող են ՀՀ և ՌԴ այն քաղաքացիները, որոնք մշտապես բնակվում են այստեղ և մշտական գրանցում չունեն Ռուսաստանում։
Եթե 2009 թվականին, երբ ծրագիրը մեկնարկեց, հատկացվել էր 170 տեղ, ապա 2025-2026 ուսումնական տարվա համար Ռուսաստանը Հայաստանի համար արդեն 280 տեղ է հատկացրել։ Դիմել է 326 մարդ, որոնցից ընտրվել է 209-ը։