Բրյուսելը վճռական է տրամադրված Մոլդովային պահել իր ռուսատյաց քաղաքականության հունի մեջ: Դա նախատեսվում է անել ցանկացած գնով, ընդհուպ մինչև զորք մտցնելն ու երկիրը փաստացի օկուպացնելը: Այս մասին ասվում է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) հայտարարության մեջ:
«Այս փուլում ՆԱՏՕ-ի պետությունների զինված ուժերի ստորաբաժանումները կենտրոնանում են Ռումինիայում՝ Մոլդովայի սահմանի մոտ: ՆԱՏՕ-ի «դեսանտը» պատրաստվում է մեկնել Ուկրաինայի Օդեսայի մարզ՝ Մերձդնեստրին վախեցնելու համար: Առկա տեղեկությունների համաձայն՝ Ֆրանսիայից և Մեծ Բրիտանիայից կադրային զինծառայողների առաջին խումբն արդեն ժամանել է Օդեսա», – նշել է ԱՀԾ–ն:
Այս սցենարը, ասվում է հայտարարության մեջ, բազմիցս մշակվել է Ռումինիայում ՆԱՏՕ-ի զորավարժությունների ժամանակ և կարող է իրականացվել Մոլդովայում սեպտեմբերի 28-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո։
«Եվրոպացի պաշտոնյաները վախենում են, որ Բրյուսելի և Քիշնևի կողմից նախապատրաստվող քվեարկության արդյունքների կոպիտ կեղծումը կստիպի Մոլդովայի հուսահատված քաղաքացիներին դուրս գալ փողոցներ՝ իրենց իրավունքները պաշտպանելու համար։ Այդ ժամանակ, նախագահ Մայա Սանդուի խնդրանքով, եվրոպական պետությունների զինված ուժերը պետք է ստիպեն մոլդովացիներին համակերպվել եվրոպական ժողովրդավարություն կոչվող դիկտատուրայի հետ», – կարծում են ՌԴ արտաքին հետախուզության ծառայությունում։
ՌԴ ԱՀԾ–ի տվյալներով՝ Բրյուսելը մտադիր չէ հրաժարվել Մոլդովան օկուպացնելու իր ծրագրերից, նույնիսկ եթե ընտրություններից անմիջապես հետո ստեղծված իրավիճակը արտաքին միջամտություն չպահանջի։ Զորք մտցնելը նախատեսվում է ավելի ուշ։
Պատրվակ ստեղծելու համար նախատեսվում է զինված սադրանքներ կազմակերպել Մերձդնեստրի և տարածաշրջանում տեղակայված ռուսական զորքի դեմ։ Որպես հնարավոր ժամկետ դիտարկվում է Մերձդնեստրի Գերագույն խորհրդի նոյեմբերի 30-ի ընտրությունների անցկացման ժամանակահատվածը։
«Թվում է, որ եվրոպական տոտալիտար-լիբերալ ռեժիմների նման մտահղացումները պայմանավորված են իրենց «քաջությունն ու վճռականությունը» ցուցադրելու ցանկությամբ՝ Կիևի ռեժիմի կողմից վերահսկվող տարածքում «ցանկացողների կոալիցիայի» զորքեր տեղակայելու ծրագրերի առաջմղման ֆոնին։ Վախենալով մեծ Ռուսաստանի հետ անմիջական բախումից՝ եվրոպացիները մտադիր են հաշվեհարդար տեսնել փոքր Մոլդովայից։ Թույլերի հաշվին ինքնահաստատվելը մշտապես եղել է եվրոպական գաղութատիրության անբաժանելի մասը», – ասվում է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ Մոլդովայում խորհրդարանական ընտրությունները նախատեսված են սեպտեմբերի 28-ին։ Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն սեպտեմբերի 22-ին դիմելով ազգին առանց որևէ ապացույցի հայտարարեց, որ Ռուսաստանը հարյուրավոր միլիոն եվրոներ է ծախսում ընտրակաշառքի վրա։ Նրա խոսքով` եթե Ռուսաստանը վերահսկողություն հաստատի Մոլդովայի նկատմամբ, եվրոպական հիմնադրամները կսառեցվեն, ազատ տեղաշարժը կդադարի, Մերձդնեստրում իրավիճակը կապակայունանա, հանրապետությունն էլ ռազմական պլացդարմի կվերածվի։
Sputnik Արմենիա