Логотип

Չալաբյան․ Որևէ կասկած չունեմ, որ այս սպանությունը կապված է Վալոդյայի հանրային գործունեության հետ

Առավոտը բացվեց ծանր գույժով՝ իր տան դիմաց կրակահերթից սպանվել է Փարաքարի համայնքապետ, մեր լավ գործընկեր, հարգված ու սիրված մարդ և հանրային գործիչ Վալոդյա Գրիգորյանը, տեղում սպանվել է նաև նրա ընկերներից մեկը: Այս մասին facebook–ի իր էջում գրել է «Հայաքվե» ազգային–քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Թեև հանցագործների մասին որևէ տեղեկություն դեռևս չկա, որևէ կասկած չունեմ, որ այս սպանությունը կապված է Վալոդյայի հանրային գործունեության հետ: Խստորեն դատապարտում եմ այս նենգ սպանությունը և պահանջում եմ իրավապահ մարմիններից՝ բացահայտել բոլոր կատարողներին և պատվիրատուներին:

Մինչ այդ, խորապես ցավակցում եմ Վալոդյայի ընտանիքին և ընկերներին, այս ծանր և անժամանակ կորստի համար: Աստված թող լուսավորի Վալոդյայի հոգին»։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23.52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել, կա 2 զոհ, 1 վիրավոր։ Մահացածներից մեկը համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է։

Սպանված երկրորդ անձը ոստիկան է՝ ՆԳՆ ոստիկանության Արարատի քրեական ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանը։ Վերջինս սպանության պահին ծառայության մեջ չի եղել․ նա Վոլոդյա Գրիգորյանի ընկերն է։

Դեպքը տեղի է ունեցել Վոլոդյա Գրիգորյանի հենց տան դիմաց։ Կրակոցների հետևանքով ևս մեկ անձ վիրավորվել է, սակայն նրա ինքնության մասին առայժմ տեղեկություններ հայտնի չեն։

Սպանության վայրում տեսախցիկներ կան, որոնք, Սարգսյանի խոսքով, առգրավվել են։

Դեպքի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի (2 դրվագ) (սպանություն), 44-155-րդ հոդվածի 1-ին մասի (սպանության փորձ) և 335-րդ հոդվածի 1-ին մասի (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նախաքննության ընթացքում նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Կատարվում են ապացուցողական և վարութային գործողություններ:

Հիշեցնենք, որ այս տարվա մարտի 30-ին Գրիգորյանը Փարաքարում որպես տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ընդդիմադիր թեկնածու, ջախջախիչ հաղթանակ տարավ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նկատմամբ։