Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն ու ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերլիազոր Կարեն Աբրահամյանը մահացել են տեղում։ Փարաքարում լրագրողներին հայտնեց Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Արտակ Հովհաննիսյանը։ Նա չասաց՝ արդյոք հարցաքննվել է հրազենային վիրավորումներով հիվանդանոց տեղափոխված Արծրուն Գալստյանը` նախաքննությանը չվնասելու պատճառաբանությամբ։
«Վալոդյա Գրիգորյանը, Կարեն Աբրահամյանն ու Արծրուն Գալստյանը եղել են տան դիմաց կանգնած։ Դիմակավորված անձը իր մոտ եղած ինքնաձիգից կրակահերթ է արձակել նրանց ուղղությամբ։ Դիմակավորված անձը դեռ չի հայտնաբերվել, այդ ուղղությամբ իրականացվում են բոլոր հնարավոր քննչական ու ապացուցական գործողությունները, նաև ոստիկանության հետ օպերատիվ-հետախուզական գործողություններ»,– ասաց նա։
Կարևոր գործերով քննիչը մանրամասնեց, որ ուսումնասիրվել են հարակից տարածքներում դեպքի վայր հնարավոր մոտենալու և դեպքի վայրից հեռանալու ճանապարհահատվածները, որտեղ եղել են տեսանկարահանող սարքեր։ «Դրանք ևս վերցվել և ուսումնասիրվել են, սակայն այս պահին որևէ մանրամասն ասել չեմ կարող»,– շարունակեց քննիչը։
Արտակ Հովհաննիսյանը նշեց, որ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի (2 դրվագ) (սպանություն), 44-155-րդ հոդվածի 1-ին մասի (սպանության փորձ) և 335-րդ հոդվածի 1-ին մասի (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նրա խոսքով` նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։ «Քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ հիշյալ վարույթը Վաղարշապատի քննչական բաժնից տեղափոխվել է հատկապես կարևոր գործերի քննության վարչություն»,– ասաց Հովհաննիսյանը։
Հարցին՝ քննվում է վենդետայի վարկածը, Արտակ Հովհաննիսյանը պատասխանեց. «Քրեական վարույթով մի շարք վարկածներ են առաջ բերվել, այդ թվում՝ այդ վարկածը։ Իրականացվում է քննություն՝ հերքելու կամ հաստատելու հանգամանքները։ Կատարվում են ապացուցողական և վարութային գործողություններ»։
ԶԼՄ տեղեկություններով` Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի սպանությունը վենդետա է եղել։ Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարին Մերձավան համայնքի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի տան վրա հարձակում էր եղել, ինչի հետևանքով Ախտոյանի զարմիկը` 29-ամյա Գրիգոր Օհանյանը, մահացել էր, ընկերը` վիրավորվել։ Նշվում էր, որ Մերձավանում զինված հարձակման մեջ ներգրավված է եղել նաև Վալոդյա Գրիգորյանի եղբայրը՝ Պայքար Գրիգորյանը։
Sputnik Արմենիա